298 դիտում, 2021.01.14 01:10

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը որոշեց Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը որոշեց Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկել

Քիչ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը  ձայների մեծամասնությամբ ընդունեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը: Այս որոշումը Թրամփին դարձնում է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին Պալատը երկու անգամ իմպիչմենթ է հայտարարել: 2019-ի դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց համապատասխան բանաձևին՝ նրան մեղադրելով լիազորությունները չարաշահելու մեջ, բայց Սենատը մերժեց այն: Ինչպես հայտնում է CNN-ը՝ հունվարի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Թրամփին պաշտոնանկ անելու բանաձևը  232 կողմ և 197 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Առաջարկված բանաձևով Թրամփին մեղադրանք է առաջադրվում «ապստամբության հրահրում»՝ հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությունները հրահրելու մեջ, երբ կոնգրեսականները հաստատեցին նախագահական ընտրությունների արդյունքը: Արդյունքում, Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում:  

Ավելի վաղ Փոխնախագահ Մայք Փենսը հանդիպում էր ունեցել Թրամփի հետ, այնուհետև մերժել էր կիրառել Սահմանադրության 25-րդ հավելումն ուժի մեջ մտցնելու դեմոկրատների կոչը: Հիշեցնենք, որ այդ կետը Փենսին թույլ է տալիս Թրամփին նախագահի պաշտոնում ճանաչել անգործունակ ու նրան հեռացնել պաշտոնից: 

Իմփիչմենթի հարցն այժմ տեղափոխվելու է Սենատ, որտեղ արդեն դատավարության գործընթացը կարող է ավարտվել Թրամփի նախագահության ժամկետի լրանալուց՝ հունվարի 20-ից ավելի ուշ: Սակայն այստեղ կարեւորը ժամանակը չէ, այլ փաստը, ասում են դեմոկրատները: Անկախ ժամկետից, իմփիչմենթի ենթարկվելուց հետո Թրամփն այլեւս երբեք չի կարող դառնալ նախագահի թեկնածու: 

Սենատում հանրապետականների առաջնորդները քննարկում են իմպիչմենթի հարցն արդեն այս ուրբաթ՝ հունվարի 15-ին վարույթ ընդունելու հնարավորությունը: Ավելի վաղ Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը հայտարարել էր, որ չի կարող արտահերթ աշխատանքային նիստ նշանակել առանց բոլոր 100 սենատորների համաձայնության, իսկ հաջորդ հերթական նիստը նախատեսված է միայն հաջորդ երեքշաբթի օրը: