304 դիտում, 2021.01.13 14:25

Իմ քայլի հավաստմամբ՝ ԲԴԽ-ի անդամի պաշտոնում Ջհանգիրյանի թեկնածությունը հիմնավորվում է նրա պրոֆեսիոնալիզմով

Իմ քայլի հավաստմամբ՝ ԲԴԽ-ի անդամի պաշտոնում Ջհանգիրյանի թեկնածությունը հիմնավորվում է նրա պրոֆեսիոնալիզմով

Խորհրդարանում այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում էին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու՝ ՀՀ նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր, Մարտի 1-ի գործով դատապարտված և միայն 10 տարի անց արդարացված Գագիկ Ջհանգիրյանի հետ: Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ «ժամանակին, երբ դուք պատգամավոր էիք, Նիկոլ Փաշինյանը Ձեզ մեղադրում էր նախկին իշխանություններին ծառայելու մեջ: Հիմա նրա իշխանության օրոք ո՞ւմ եք ծառայելու», Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ գործադիր իշխանություն չի գնում, քաղաքական թիմի անդամ չի դառնում, այլ գնում է մասնագիտական աշխատանքի և հավելեց, թե Բարձարագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել է «Իմ Քայլը» խմբակցությունը, ինքն էլ առաջարկը չի մերժել. 

«Սահմանադրության եւ կանոնակարգ օրենքով՝ իրավաբան գիտնականն այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց: Քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չի, ձայները չեն բավարարելու, բնականաբար, համաձայնել եմ մեծամասնական խմբակցության կողմից առաջադրվելուն: Բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեն ստանձնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, այլ գնում եմ մասնագիտական աշխատանքի»:

ԲԴԽ անդամի տեղը թափուր էր մնացել  Հայկ Հովհաննիսյանի հրաժարականից հետո։ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել դատական համակարգում: Մամուլում հրապարակում եղավ, որ  Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել՝ տարիքային սահմանափակման պատճառով։

Իր 65 տարին լրացած լինելուն և օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներին մասին լրագրողների հարցին Ջհանգիրյանը հակադարձեց, որ դատավորների համար տարիքային սահմանափակումներ նախատեսվում են, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել նրա պրոֆեսիոնալիզմը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Թեկնածուի հետ կապված մտորումները պայմանավորված են եղել նրանով, որ մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ: Այն բոլոր հարցերը, որոնք առկա են հանրության մոտ, հնչեցվել են, և խմբակցության տպավորությունը եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ այդ հարցերի վերաբերյալ»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ այսօր իրենք կներկայացնեն համապատասխան առաջարկը և առաջիկա քառօրյայում կքննարկեն Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցը: