538 դիտում, 2021.01.13 14:18

Անհետ կորած զինվորի՝ ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած հայրը կասկածյալի կարգավիճակով ցուցմունք է տվել․ խափանման միջոցը հայտնի կլինի այսօր․ նրա միակ ցանկությունը որդուն գտնելն է․ փաստաբան

Անհետ կորած զինվորի՝ ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած հայրը կասկածյալի կարգավիճակով ցուցմունք է տվել․ խափանման միջոցը հայտնի կլինի այսօր․ նրա միակ ցանկությունը որդուն գտնելն է․ փաստաբան

Անհետ կորած զինվորի՝ ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած ծնողը՝ Գուրգեն Վարդանյանը, որպես կասկածյալ ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում, ներկայացրել իր հոգեվիճակը, և թե ինչու է նման քայլ արել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Վարդանյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ այսօր կլրանա Վարդանյանի ձերբակալման 72 ժամը, բայց դեռևս խափանման միջոց չի ընտրվել, մեղադրանք առաջադրված չէ։ «Այսօր արդեն հայտնի կլինի՝ ինչ որոշում է կայացվում՝ արդյո՞ք 2 ամիս կալանավորում կլինի, ստորագրություն չհեռանալու մասին, թե՞ գրավով ազատ արձակում»,-ասաց Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ համաձայն ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության՝ հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև նա մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։

Փաստաբանն ընդգծել է՝ դեպքի օրը անհետ կորած զինվորի հայրը գտնվել է հոգեբանական ծանր կացության մեջ։ «Հենց այդ օրը 3-4 դիահերձարան է այցելել, տեսել է բազմաթիվ դիակներ։ Այդ ապրումների ազդեցության տակ նման բան է արել, չի էլ կարողանում բացատրել՝ ինչպես է նման որոշման եկել։ Այս հանգամանքները ներկայացվել են նախաքննության ժամանակ, և դրանց պետք է  իրավական գնահատական տրվի»,- ասել է Ստեփանյանը։