կարևոր
951 դիտում, 3 ամիս առաջ --> 2021-01-12 23:45

Պատգամավորները դեռ փրկության ելք ունեն, երկիրը կորցնելու ժամանակ չունենք. «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկյանի հետ

Խոսքս սկսեմ Ստալինի անվտանգության նախկին ղեկավար Վլասիկի մասին մի դիպվածով, որն էկրանավորվել է: Վլասիկը միայն Ստալինի մահից հետո ազատվեց սիբիրյան աքսորից: Անվտանվության մի սպա արդեն ազատության մեջ Վլասիկին ասում է՝ բռնապետն այժմ ոչ ոքի հետաքրքիր չի: Ստալինյան բռնության ենթարկված Վլասիկի պատասխանը կարճ է՝ «Բռնապե՞տ, ասում ես, բայց այդ դեպքում երեք միլիոն մատնագիր մեկ-մեկու դեմ ո՞վ էր գրում»:

Այս ողբերգական օրերը մեր ժողովրդի համար անցնելու են, երկիրը մեջքն ուղղելու է, վերքերը չեն մոռացվելու, բայց սպիանալու են, արժանապատվության վերականգման դժվարին, համառ ու նվիրյալ աշխատանք է սկսվելու, արժանապատիվ անձանցով թշնամու դեմ խոսելու առիթներ ենք ունենալու: Ու նաեւ՝ դասագրքերն են փոխվելու: Մեր նորագույն պատմության այս երեսնամյա հատվածը վերաշարադրվելու է, ավելի ճիշտ՝ ավելացվելու է 2020 թվականը, պատմվելու է այդ մասին ու դաջվելու է դավաճանություն, դավաճան խարանը: Ամեն ինչ քննվելու է ու պարզաջրվելու է, եւ այդ ժամանակ արդեն այս օրերին ջրի երես ելնող Փաշինյանի գործողությունների հանրագումարի գնահատականը տալուց հետո հնչելու է այդ ճակատագրական հարցը՝ եթե տարավ պարտության, եթե պարտությունից, հայրենազրկումից, թշնամու առաջ Սյունիքի դարպասներ բացելուց հետո, ապա ինչու՞ միայնակ չէր, ովքե՞ր էին, որ կանգնած էին կողքը, ովքե՞ր էին ամուր պահում նրա աթոռը: Այդ ժամանակ է հնչելու փոխաբերական հարցը՝ թե 3 միլիոն մատնագիր գրողների պես ովքե՞ր պահեցին այս դավաճանված իշխանությունը: ՈՒ այդժամ այս շաբաթներին իշխանական վերնախավի, իշխող Իմքայլական պատգամավորների՝ տեսախցիկներից, քաղաքացիներից, հարեւաններից խուսափելը, անկյուններ մտած, ամեն տեղից բացակայությունը չի օգնելու: Քանզի այսօր Հայաստանի Հանրապետությունում, խորհրդարանական երկրում Ազգային Ժողովի մեծամասնությունն է, որ կիսում է լիակատար պատասխանատվությունն այդ ամենի համար: Պատասխանատվություն, քանի որ վարչապետին պաշտոնազրկելու, երկրի անվտանգությանն ամեն օր սպառնացող գործողությունները, թշնամու հետ բանավոր համաձայնությունների հիման վրա տարածքներ, բնակավայրեր զիջելը, մեր հայրենակիցների անվտանգությունը թուլացնելը, թշնամական բանակին միլիմետր առ միլիմետր մոտեցնելը կասեցնելու միակ օրինական ճանապարհն անցնում է խորհրդարանով, իշխող «Իմ քայլի¦ պատգամավորների որոշելիքն էր, որից նրանք խուսափեցին, փախուստ տվեցին, հատուկենտերն էլ, իրենց կամիկաձե դարձրած, կրծքով պաշտպանեցին, վայրահաչեցին արժանապատիվ հեռացած մի քանիսի ետեւից:

Հիմա իշխանական պատգամավորներից որոշները, որոնք ինքնասպանություն հիշեցնող հրապարակային խոսք ասելու ունակ են, պնդում են, թե թող ընտրություններում ընտրողը որոշի, իրենց քվե տա՞լ, թե՞ ոչ: Բայց նրանք այդ քաղաքակիրթ, ցիվիլ, դասագրքային ընտրական մթնոլորտը ցանկանում են տեղավորել Հայրենիքի մի մասը կորցրած, երկիրը պարտության տարած, ոչ թե պարտված, այլ՝ պարտության տարած, մի ողջ ժողովրդի երեսնամյա պայքարը գողացված իրավիճակի վրա: Այդպես չի կարող լինել:

Հայրենիքի կորստյանը բերածների հետ ընտրական օրենսգրքով հեռուստաեթերներում թոշակների բարձրացման կամ արտաքին պարտքի վտանգավորության մասին բանավեճերի ոչ ոք պատրաստ չի լինելու, քանզի զոհասեղանին դրված է ավելին քան քվեն ու խորհրդարանական աթոռների քանակը: Այդ ժամանակ բանավեճը չի, որ լինելու է, այլ՝ ուղիղ աչքերի մեջ նայելով, առանց բիբը թարթելու հարցը՝ ինչու՞ դավաճանեցիր Փաշինյանի հետ: Այսօր իմքայլական պատգամավորների միակ փրկությունը, բարոյական պատասխանատվությունից ազատվելու հարցում միակ փրկօղակը Ազգային Ժողովը շրջապատած ճաղավանդակն է ու դա պաշտպանող ոստիկանները: Հա, եւս մեկ կարեւոր բան: Նրանց մեծ մասի բախտը բերել է, որ իրենց հանրային լայն շրջանակներում չեն ճանաչում, անծանոթ են, անգամ սեփական շենքերում չգիտեն: Դրա համար էլ ամեն քայլափոխի չի հնչում՝ ինչու՞ դավաճանեցիր հարցը: Այսօր անհայտ անուններով ու կենսագրության շատ պատգամավորների միակ հույսը լռելն է, բայց այս դեպքում լռությունը ոսկի չէ, նույնիսկ ալյումինի արժեք չունի, քանի որ նրանք ուղղակի լռող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներից մեկը չեն, այլ՝ պատգամավորական մանդատ ունեցող, քվե ունեցող անձինք, որոնցով էլ ձեւավորվում է իշխող Իմ քայլը խմբակցությունը:

Իշխանական ֆրակցիայում կա երկրորդ խմբակը, որն արդեն գնացել է վա բանկ: «Եթե մեռնելը կա, խռխռալը ինչ է որ…¦ ժողովրդական խոսքով արդարացնում են Փաշինյանի ցանկացած գործողություն, հարձակվում իրենց շարքերը լքած արժանապատիվների վրա: Դրա լավագույն օրինակը Մոսկվայում տեղի ունեցած խայտառակ բանակցություններն էին ու Փաշինյանի համատարած պարտությունը, որը Ռուսաստանի մայրաքաղաք էր մեկնել մեր գերիների վերադարձի խոստում-նախապայմանով, բայց փոխարենը ստորագրեց Բաքվի պահանջած ճանապարհների, երկաթուղու, սահմանների բացվելու փաստաթղթի տակ: Ի՞նչ հետեւեց դրան: Փաշինյանի մի քանի պատգամավոր, անուններն անգամ չարժե բարձրաձայնել, սպիտակ օձիքներով սկսեցին հիմնավորել տարածաշրջանային ապրանքաշրջանառությունների, կապերի, ներդումների հոսքերի հազար ու մի տեսակ փաստարկներով: Անգամ զարմանում էիր՝ սրանք Արեւմտաեւրոապական ինչ-որ տարածաշրջանային պատգամավո՞ր են, թե՞ Ադրբեջանով, Թուրքիայով շրջափակված, ռազմական սպառնալիքներով ապրող Հայաստանի: Դպրոցական, դասագրքային խոսքեր, որն իրականության հետ կապ չունեն:

Կարդում ու զարմանում էի՝ Փաշինյանին ամեն կերպ արդարացնելու այս ինքնամոռացության գինը ո՞րն է՝ մանդա՞տը, պաշտո՞նը, պարգեւավճա՞րը: Բայց չէ՞ որ դրանք արժեք չունեն Հայրենիքի, մեր երկրի գերեվարված զինվորի կյանքի, մեր ապագա անվտանգության ու ինքնիշխանության հետ: Եթե անգամ նրանց արժեհամակարգն այդքան նյութապաշտ է, բայց այդ ամենը չէ՞ որ անցողիկ է: Վաղը չեն լինի պատգամավոր, բայց պետք է Երեւանի, Գյումրու, Կապանի, Վանաձորի փողոցներով քայլեն: Զարմացած հարց ես տալիս, այսպես անարժանապատիվ կեցվածքով ինչի՞ տեղ են դրել իրենց: Կա չէ՞ ժողովրդական խոսք, թե ինչ-որ մեկը ինչ  իրի տեղ է իրեն դնում: Բայց հետո մտաբերում ես. օրերս, իշխանական խմբակցության պատգամավորներին Փաշինյանի կուսակցության երիտասարդ մամուլի քարտուղարը համեմատել էր Նիկոլի ուսապարկի հետ: Թե եթե 2018-ին Ազգային Ժողողվի ընտրությունների ցանկում լինեին Նիկոլի ուսապարկերը, դրանք էլ կընտրվեին: 80 եւ ավել մարդու ուղղակի հրապարակային ասել էին ապրանք, իր, ոչ շնչավոր: Եթե որեւէ տեղ այդ նույն պատգամավորներին դու ով դիմեին, իրենց արժանապատվության համար կռիվ կտային: Հիմա նրանց ուղղակի ապրանք է ասել իրենց իսկ կուսակից թիմակիցը: Ու արժե՞ այս ամենը դեռ կուլ տալ, կուլ տալ Երկիրը կորցրածի դաժան խարանը կրելու հեռանկարի հետեւանքները:

Նրանցից որոշների արժանապատվության հարցում դեռ հույսեր ունեմ: Նրանց ճանաչել եմ: Հիմա քիչ եմ շփվում, բայց ճանաչում եմ: 2020 թվականի վերջին օրերն էին: Պատերազմում նահատակված մեր սկաուտներին նվիրված Եռաբլուրում հիշատակի արարողություն էր: Մինչ այդ չէի համարձակվել Եռաբլուր այցեցել: Այդ օրն ուղղակի ոռնոցս չէի կարողանում զսպել այնտեղ: Եկա հետո «Երկիր Մեդիա¦, չէի հանգստանում: Մի պահ հեռախոսն առա ձեռքս: Սկսեցի իմքայլական պատգամավորներին հերթով զանգել: Մի քանի զանգ անպատասխան էր, մի քանիսի դեպքում արձագանքեցին: Արցունքների միջից հազիվ կարողանում էի խոսքեր ասել: Խնդրել, աղաչել՝ այս ամենի վերջը սկսեն: Կանգնեցնեն այս ամենը: Մեկ-երկուսի կցկտուր արդարացումներից հետո, մյուսները՝ թե իրենց ձեռքն ինչ կա որ պատասխանն էր: Հետո չշարունակեցի: Հասկացա, որ վատ եմ շարունակելու խոսել: Բայց այդ պատասխանը մի օր պահանջվելու է այս ընթացքի դեպքում:

Թեեւ՝ անկեղծ ասած, ես դեռ հույս ունեմ, նույն պատգամավորներից: Հույս, որ կսթափվեն ու կորոշեն մասնակիցը դառնալ ոչ թե երկրի գահավիժման, նվաստացման շարունակությանը այլ՝ դրան վերջ դնելուն. պարզապես կանգնեցնել այս անհայրենիք գահավիժումը իրենց պատգամավորական մանդատի ուժով: Առայժմ հույս ունեմ: