Մոսկվայում 4 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ստորագրվել է մի հայտարարություն, որը բանակցությունների սկզբում Նիկոլ Փաշինյանը մտադիր չէր ստորագրել: Եզրակացությունը «Կոմերսանտ»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովինն է, որը վերլուծական հոդված է գրել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջեւ երեկ տեղի ունեցած հանդիպման մասին:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հանդիպման օրակարգը ներկայացնելիս՝ Վլադիմիր Պուտինը ռազմագերիների փոխանակման մասին ոչինչ չի ասել: Մինչդեռ, Փաշինյանը, ինչպես հոդվածում է գրված, հավանաբար այցից առաջ պատմել է Հայաստանում իր աջակիցներին եւ ընդդիմադիրներին, որ հայ առյուծներին գերությունից ազատելու համար պատրաստ է հանդիպել նույնիսկ սատանայի հետ: Ընդ որում, շատերն այդ փաստարկն ընդունել են որպես թույլ փորձ՝ արդարացնելու Ալիեւի հետ հանդիպումը: «Իրականում, ասում են, որ Փաշինյանը պարզապես ի վիճակի չէ մերժելու Պուտինին»,-գրել է Կոլեսնիկովը:
Նրա խոսքով՝ Պուտինի երեկվա այն խոսքը, թե Մոսկվայի միջնորդությամբ իրականացվել է գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում, կարելի է մեկնաբանել այնպես, որ ըստ ռուսական կողմի` փոխանակումն ավարտվել է: Իսկ ահա հանդիպման նախաշեմին Փաշինյանի եւ Ալիեւի մոտ ռուս բժիշկներ ուղարկելու տեղեկության մասին հոդվածագիրը գրել է՝ դժվար չէ կռահել՝ ինչու, քիչ հավանական է, որ կվստահեին հայ ու ադրբեջանցի գործընկերներին եւ նրանց կատարած հետազոտությունների արդյունքներին: