Հայ սպառողներն այսուհետեւ ստիպված կլինեն օգտագործել ավելի թանկարժեք էլեկտրականություն, որն արտադրվում է Հայաստանի ներքին ռեսուրսների հաշվին: Այս մասին հունվարի 12-ին Ազգային ժողովում Տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ 2021 թվականին նախատեսված էր Արցախից Հայաստանի Հանրապետություն ներկրել 30 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Պատերազմից հետո ձևավորված էներգետիկ բալանսով այդ էլեկտրաէներգիան կփոխարինվի ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին՝ հիմնականում ջերմաէլեկտրակայաններում արտադրվող էլեկտաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան։ Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան հավասարազոր էր Հայաստանում փոքր ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի գնին, գումարած 7 տոկոս տեղափոխման և կորոստի ծախսերի համար:
«Նախքան պատերազմը Արցախի Հանրապետությունում եղել են 187․5 մեգավատտ դրվածքային հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ, պատերազմի հետևանքով մնացել են 75 մեգավատտ դրվածքային հզորությամբ։ Կորուստը եղել է 112․5 մեգավատտ դրվածքային հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ։ Այդ 75 մեգավատտի մեջ մտնում է նաև Սարսանգի հիդրոէլեկտրակայանը», - նշել է փոխնախարարը։
Ըստ փոխնախարարի՝ այս պահին Արցախի Հանրապետությունը ոչ մշտական ռեժիմով Հայաստանից ներմուծում է էլեկտրաէներգիա՝ էներգետիկ ռեժիմի կարգավորման համար։