կարևոր
1700 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-12 13:43

Միլանի դատարանը ԵԽԽՎ նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանից խոշոր կաշառք վերցնելու համար

Միլանի դատարանը ԵԽԽՎ նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանից խոշոր կաշառք վերցնելու համար

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հիշու՞մ եք ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալը, որ ադրբեջանական լոբբինգի համար պատվիրակները կասկածվում էին կաշառք ատանալու մեջ: Այս մասին երկար ժամանակ ելույթներ ենք ունեցել ԵԽԽՎ տարբեր նիստերում։ Վերջապես արդյունք եղավ։

Միլանում դատարանը ԵԽԽՎ նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը արգելափակելու համար 0.5 մլն եվրո ստանալու դիմաց: Քաղաքական գործիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման»։

Երեկ՝ հունվարի 11-ին Միլանի դատարանը  Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր կաշառքներ վերցնելու համար և դատապարտել է նրան չորս տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար։

La Repubblica թերթի տեղեկություններով՝ Վոլոնտեն, լինելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարը, կես միլիոն եվրո է ստացել Ադրբեջանի երկու ներկայացուցիչներից․ այդքան են գնահատվել այդ անդրկովկասյան պետության քաղաքական բանտարկյալների մասին զեկույցը չհաստատելուն ուղղված նրա ջանքերը։

Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրանքներ Է առաջադրել դեռ 2016-ի հունիսին։ Այն ժամանակ նրան մեղադրել էին 2012-2014 թվականներին գրեթե 2,4 մլն եվրո ստանալու համար։ Հետաքննության վարկածով, իտալացի պատգամավորը այն ժամանակ խոշոր նվիրատվություն է ստացել այն բանի համար, որ  իրականացնում էր Ադրբեջանի իշխանությունների շահերից բխող քաղաքական գործունեություն։ Ընդհանուր առմամբ նրան խոստացել են 10 մլն եվրո։

2018 թվականի դեկտեմբերին Միլանում սկսվել է Վոլոնտեի նկատմամբ դատական գործընթացը ՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Լսումների արդյունքում դատարանը հանել է ամբողջ գումարը ստանալու մեղադրանքը, սակայն ընդունել է կես միլիոն եվրո կաշառք ստանալու փաստը։

Վոլոնտեն 2010 թ․-ի հունվարից մինչև 2013 թ․-ի հունիսը ԵԽԽՎ-ում ղեկավարել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։