կարևոր
2888 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-11 15:47

Թրքասեր տեսակին մենք չենք հանդուրժելու․ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն այս րոպեներին ակցիա են իրականացնում՝ «Թրքասիրությունը տեղ չունի համալսարանում» կարգախոսով:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Տարոն Մանուկյանն ասաց, որ ակցիա են իրականացնում, քանի որ ֆակուլտետի ամբիոնի վարիչ ոմն Սեյրան Գրիգորյան, որը շատ կարևոր առաքելություն ունի՝ կրթել սերունդներին, դա անելու փոխարեն, ֆեյսբուքյան գրառման միջոցով անդրադարձել է Շուռնուխ գյուղի հանձնմանը՝ նշելով, որ Շուռնուխում պատմականորեն՝ դեռ շատ վաղ ժամանակներից, ապրել են ադրբեջանցիներ և միայն Արցախի շարժման ժամանակ է, որ նրանք ստիպված են եղել հեռանալ գյուղից։

«Այդ կերպ, նշյալ դասախոսը մի նպատակ էր հետապնդում՝ հաճոյանալ այսօրվա իշխանություններին, կրկին անգամ արդարացնել Շուռնուխի ապօրինաբար հանձնումը թշնամուն և ողջունել այսօրվա իշխանությունների կողմից տարվող դավաճանական քայլերը, որի դեմ մենք պայքարում ենք։ Մեր պայքարը նահանջ չի ունենալու և մեր կողմից նկատված յուրաքանչյուր թրքասեր, անկախ իր դիրքից ու պաշտոնից, արժանանալու է նման կոպիտ արձագանքի։ Առավել ևս, որ նշյալ դասախոսը պետք է զբաղվի սերունդների կրթությամբ, այլ ոչ թե ադրբեջանասիրություն կամ թրքասիրություն քարոզի»,-ասաց Տարոն Մանուկյանը։

Նա նաև հիշեցրեց, որ այդ ամբիոնը հայտնի է իր երբեմնի հայրենասեր ակադեմիկոսներով և իրենք պայքարելու են, որ այդ թրքասեր տեսակը Հայաստանում այլևս տեղ չունենա։

 «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Տիգրան Չանդոյանը նշեց, որ՝ որքանով է այդ մարդը արժանի դասախոս լինելու և որքանով է արժանի ապագայում սերունդներ դաստիարակելու, դա արդեն մեծ հարց է, և հենց այդ հարցի վիճարկման համար են իրենք այսօր եկել ԵՊՀ։

«Արժանին ենք մատուցում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, թրքասեր Սեյրան Գրիգորյանին»,- նշում են ակցիայի մասնակիցները։