կարևոր
1798 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-11 10:18

Փաշինյանը կարողացավ հասնել օդանավակայան ոստիկանության կողմից փակված ճանապարհներով

Փաշինյանը կարողացավ հասնել օդանավակայան ոստիկանության կողմից փակված ճանապարհներով

Այսօր վաղ առավոտից ոստիկանությունը փակել էր դեպի օդանավակայան տանող բոլոր ճանապարհները՝ թույլ չտալով քաղաքացիներին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի թռիչքը Մոսկվա։ Արդյունքում Փաշինյանի շարասյունը կարողացավ անարգել հասնել օդանավակայան։

Դրանից հետո ոստիկանությունը բացեց Իսակով պողոտա մուտք գործող բոլոր փողոցները, քաղաքացիները բողոքի ակցիան շարունակեցին «Նիկոլ դավաճան» վանկակումներով։ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին և եթե անգամ սողեսող հասավ Մոսկվա, չի կարող հայ ժողովրդի անունից փաստաթուղթ ստորագրել. հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում բողոքի ակցիայի ժամանակ։

Ոստիկանները պատասխանեցին, որ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը ժամանակավորապես սահմանափակված է և եթե ուզում են իմանալ՝ ինչ հիմքով, կարող են գրավոր հարցում ուղարկել։ 

«Ուզում ենք ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանին, եթե գաղտագողի, սողեսող հաջողվեց մեկնել Մոսկվա, ուրեմն թող լավ իմանա և թող նաև լավ իմանան նրա հետ բանակցողները, որ մարդ, ով գաղտագողի է ման գալիս սեփական երկրում, փախեփախ է ման գալիս սեփական երկրում, չի կարող ներկայացնել ՀՀ-ն, նա ՀՀ-ն ու հայությանը չի ներկայացնում, և նրա հետ բանակցողները թող իմանան, որ նրա կողմից որևէ ստորագրություն, որևէ պայմանավորվածություն չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահը և ՀՀ ժողովուրդը դրա լեգիտիմությունը վիճարկելու է։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստորագրի ինչ-որ մի փաստաթուղթ, որը մեր պետականության դեմ է, մեր շահին դեմ է, ուրեմն նա թող լավ իմանա, որ նրա համար ոչ թե վաղը փողոցներն են փակ լինելու, այլ Հայաստանի երկինքը փակ է լինելու, նա չի կարողանալու գալ Հայաստան։ Նրա կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ, որ Հայաստանի և հայության դեմ է, ուրեմն այդ փաստաթուղթը լեգիտիմ չի համարվելու մեր կողմից․ դա թող իմանա թե՛ Ալիևը, թե՛ Վլադիիմիր Պուտինը, թե՛ Էրդողանը, թե՛ ամբողջ աշխարհը և թե՛ Մինսկի խումբը»,-հայտարարեց Գերասիմ Վարդանյանը։

Թող նրա հետ բանակցությունների նստողներն իմանան, որ այդ մարդը ՀՀ-ն չի ներկայացնում և նրա ստորագրած որևէ փաստաթուղթ ընդունելի չէ Հայաստանի և հայության համար և վաղը վիճարկվելու է, քանի որ նա լեգիտիմ ղեկավար չէ և վաղվա լեգիտիմ իշխանությունները վիճարկելու են նրա ստորագրածը՝ զգուշացնում են քաղաքացիները։