կարևոր
2159 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-11 00:27

Սուրբ պարտք ունենք բացարձակ արժեքները պաշտպանելու և պահպանելու նաև հենց ձեզանից՝ ձեր հատվածական անցողիկ շահերից. Ասողիկ աբեղա Կարապետյան

ՄԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

… Կուզեմ, շատ կուզեմ, որ հայ իրականության մեջ եղող բոլոր քաղաքական գործիչներն ու ժողովրդի կողմից առժամապես ընտրված պետական պաշտոնյաները վերջապես հասկանան, որ Հայոց Եկեղեցին՝ իր նվիրապետությամբ՝ սարկավագից մինչև Հայոց Հայրապետը երբեք ու երբեք չի՛ սատարել, չի՛ սատարում և չի՛ սատարելու որևէ քաղաքական դեմքի, քաղաքական ուժի, պաշտոնյայի կամ պաշտոնյաների:

Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի հոգածության, խնամատարության ու պաշտպանության միակ շնորհընկալը հայ Ազգն է և հայրենի Պետությունը:

Եվ, այո, ի պահանջել հարկի ամենքը՝ ի Հայաստան և ի Սփյուռս լսելու են նաև Հայոց Եկեղեցու և իր հոգևոր դասի ոչ հաճոյական ու ախորժելի ձայնը. ձայն, որ Երկնի ազդանշանն է ամեն մի հային ուղղված՝ խելքահասու լինելու, զգաստանալու, շտկվելու և կարգավորվելու:

Ի ցավ սրտի, Հայրենիքին ու ժողովրդին պատուհասած ողբերգությունն այլևս սպառեց աստվածային համբերությունը Հայոց Եկեղեցու, ուստի հնչեց հայ հոգևորականի հայրական վճիռը՝ արդար ու իրավ:

Արդ, թող ոչ ոք, ոչ մի գործիչ, ոչ մի ուժ և ոչ մի միավորում չփորձի եղծել Հայոց Եկեղեցու դիրքորոշումը. այն սոսկ մեկ նպատակ է հետապնդում՝ ՀԱՅՐԵՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԻ ՇԱՀ:

Լավ հիշեցեք, հարգելի գործիչներ՝ պետական կամ քաղաքական, դուք անցողիկ եք, դուք ժամանակի մեջ եք գործում, իսկ Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականը հավիտենական առաքելության կրող են: Ուստիև սուրբ պարտք ունենք բացարձակ արժեքները պաշտպանելու և պահպանելու նաև հենց ձեզանից՝ ժամանակավորներիցդ և ձեր հատվածական անցողիկ շահերից:

Եթե ի զորու եք ընկալելու այս ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ հաստատուն մնացեք աստվածային կամարների ներքո: Եվ մի՛ հանդգնեք խոսքով կամ գործով հարվածել այդ աստվածակերտ սյուներին՝ պղտորելով մեր ժողովրդի բարեմիտ զավակների միտքը:

Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականը համազգային միության թթխմորն է, ավազանն է և զոհասեղանն է:

Ասողիկ աբեղա Կարապետյան