17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Հունվարի 10-ին Անթալիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագից հետո Տ. Շահան Արք. Սարգիսյանը ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի Հայրապետական հռչակագիրը, որով 2021 թվականը հռչակվել է Արցախի տարի. «Արդ, նկատի ունենալով մեր ժողովուրդի ամուր կապուածությունը Արցախին, դրա ինքնիշխանության ու անկախության իրավունքին, եւ Արցախը մեր մտահոգությունների ու աշխատանքների կիզակետը դարձնելու սպասումով, 2021 տարին հռչակում ենք Արցախի տարի»:
Ծավալուն Հռչակագրում, ամփոփելով 2020 թվականի իրականացրած աշխատանքները, Կաթողիկոսն անդրադառնում է Արցախի պատմական նշանակությանը: Առանձին կետերով ներկայացվել են ետպատերազմյան իրավիճակի հիմնախնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Հռչակագրում Արամ Ա կաթողիկոսը, մեկնաբանելով ներկայիս իրավիճակը, կատարել է որոշ ընդգծումներ և հիշեցումներ՝ մասնավորապես նշելով, որ ներկայիս համաձայնագիրը կարիք ունի լուրջ վերանայման, քանի որ, զինադադարից բացի, դրանում ներառված են կետեր, որոնք «կարող են վտանգել Հայաստանի պետականության հիմքերը և հողային ամբողջականությունը
«1) Ինչպէս ըսինք, ներկայ համաձայնագիրը կը կարօտի լուրջ վերանայման, որովհետեւ զինադադարի ծիրէն անդին՝ հոն ներառուած են այնպիսի կէտեր, որոնք կրնան վտանգել Հայաստանի պետականութեան հիմքերը ու հողային ամբողջականութիւնը։ Հետեւաբար, անհրաժեշտ է որ Հայաստանի իշխանութիւնը հետամուտ ըլլայ համաձայնագրին թէ՛ անթերի գործադրութեան եւ թէ լուրջ բարեփոխութեան՝ միաժամանակ ցուցաբերելով աւելի մարտունակ դիւանագիտութիւն եւ աչալուրջ կերպով հետեւելով Մինսկի խմբակի բանակցութիւններուն։
2) Պատերազմի ժամանակ Արցախէն մեծ թիւով ընտանիքներ ապաստան գտան Հայաստանի մէջ։ Զինադադարի հաստատումէն յետոյ, անհրաժեշտ է որ անոնք վերադառնան Արցախ եւ վերականգնեն իրենց տուները ու գործատեղիները՝ պետութեան անմիջական օժանդակութեամբ։ Արցախի ժողովուրդին ֆիզիքական ներկայութիւնը ու թուային աճը կենսական կարեւորութիւն ունին թէ՛ անվտանգութեան եւ թէ քաղաքական իմաստով։
3) Անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանութիւնը հետեւողական կերպով շարունակէ գերիներու վերադարձին եւ կորսուածներուն փնտռտուքի ճիգը, ինչպէս նաեւ վիրաւորներու յատուկ խնամք տանելու եւ զոհուած զինուորներու ընտանիքներուն հատուցում կատարելու աշխատանքները։
4) Անհրաժեշտ է, որ Արցախի կրօնամշակութային վայրերու անվթար պահպանումը յատուկ կերպով հետապնդուի Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ կնքուած համաձայնագրին գործադրութեան ծիրէն ներս, ինչպէս նաեւ երաշխաւորուի Մինսկի խըմբակի եւ Իւնեսքոյի կողմէ։
5) Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը պէտք է դառնայ առաջնահերթ։ Այս ուղղութեամբ ծրագրուած աշխատանք պէտք է կատարուի թէ՛ Հայաստանի, թէ Արցախի եւ թէ Սփիւռքի պետական թէ քաղաքական կառոյցներուն ու պատասխանատուներուն կողմէ»։
Հռչակագրով նաև շեշտվել է՝
«ա) Արցախի ժողովուրդին ինքնորոշման իրաւունքը պէտք է մնայ անսակարկելի։
բ) Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը պէտք է դառնայ առաջնահերթութիւն։
գ) Արցախ ժողովուրդին թուային աճը ու տնտեսութեան զարգացումը պէտք է առանցքային տեղ գրաւեն համահայկական օրակարգին վրայ»:
Եկէք, սիրելի՛ հայորդիներ, ջերմօրէն ողջունենք հայոց քաջ բանակը, աղօթենք մեր նահատակ զինուորներու հոգիներուն համար եւ մեր գերիներու ու կորսուածներու շուտափոյթ վերադարձին համար։ Գործնապէս զօրակցինք մեր վիրաւորներուն եւ սգաւոր ու կարիքաւոր ընտանիքներուն։ Աղօթենք Հայաստանի ու Արցախի անվտանգութեան ու մեր ժողովուրդի բարօրութեան համար։ Թող մեր բոլորին Արարիչը ու Տէրը պահապան ըլլայ մեր ազգին ու հայրենիքին։
Հայրական ջերմ սիրով, Աղօթարար՝
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»: