ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված որոշ հարցեր: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ Հայտարարության հետեւողական իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը՝ նշվել է, որ հանդիպման ժամանակ առաջին հերթին կքննարկվեն տարածաշրջանում խաղաղ կյանքի հարթմանն ուղղված հետագա քայլերը:
Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին, որոնք նպաստում են ԼՂ հակամարտության կարգավորմանը: Շեշտադրվել է ռազմական բախումների հետեւանքով տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու կարեւորությունը, այդ թվում պրոֆիլային միջազգային կազմակերպությունների գծով: