9956 դիտում, 2021.01.09 19:39

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ-ը հաստատել է

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ-ը հաստատել է

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ հայտնված կնոջ հարցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` հավելելով, որ ՄԻԵԴ–ը հաստատել է, որ կինը Ադրբեջանում գերության մեջ է։

«Մարալի անհետանալու պահից հետո դիմել ենք պատկան կառույցներին, որպեսզի փորձենք որևէ տեղեկություն ձեռք բերել նրա կարգավիճակի մասին։ Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կա՛մ էլ` որ սպանել են»,–ասաց Սինանյանը։

Նրա խոսքով`այժմ ՄԻԵԴ-ն է զբաղվում Մարալի հարցով, և իրենք էլ հետևում են իրադարձությունների ընթացքին այն հույսով, որ նա շուտով կվերադառնա Հայաստան։

Սինանյանը հայտնեց նաև, որ Մարալի հետ Շուշիի ուղղությամբ մեկնած տղամարդը ևս գերի է ընկել։ Սակայն վերջինիս մասին, ի տարբերություն Մարալի, հայտնի է եղել, որ ողջ է. ադրբեջանական կողմը տեսանյութ էր տարածել նրա մասնակցությամբ։ Ավելին, նրան որպես ահաբեկիչ են ներկայացրել։

Տղամարդը երկար տարիներ առաջ է տեղափոխվել Արցախ, իսկ կինը` վերջերս` օգոստոսին։

Նշենք, որ Մարալը ՀՀ և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի: Նա նախորդ տարվա օգոստոսի 4-ի Բեյրութում հնչած պայթյունից հետո՝ օգոստոսի 29-ին, քրոջ հետ Հայաստան է տեղափոխվել։ Նրանք ցանկություն են հայտնել ապրել Արցախում և մեկ ամիս անց արդեն իսկ Շուշի քաղաքի հյուրանոցներից մեկում տեղավորվել են՝ մինչև բնակության համար հատկացվելիք տան հանձնումը: