կարևոր
1088 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-09 18:43

Վարչապետի աշխատակազմը դեռ չի հաստատում նրա՝ Մոսկվա այցի մասին լուրը

Վարչապետի աշխատակազմը դեռ չի հաստատում նրա՝ Մոսկվա այցի մասին լուրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը դեռ պաշտոնապես չի հաստատում հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումների մասին լուրը:

Ըստ տեւական ժամանակ տարբեր աղբյուրներից ստացվող առայժմ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Փաշինյանի Մոսկվա այցին մնացել է մոտ մեկ օր, բայց նրա աշխատակազմի լրատվական վարչության պետը «Երկիր Մեդիայի» հետ զրույցում նշել է, որ եթե նման այց լինի, իրենք ժամանակին պատշաճ կտեղեկացնեն այդ մասին:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Մոսկվայում կայանալու է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, թելեգրամյան ալիքները նաեւ գրել էին, որ Հայաստանի վարչապետը պատրաստվում է նոր զիջումների մասին փաստաթուղթ ստորագրել, որը գտնվում է Արդարադատության նախարարությունում: Բայց Արդարադատության նախարարը հերքել է այդ լուրը:

Ռուսական WarGonzo նախագիծն ու ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրելյանովն էլ օրեր առաջ հայտնել էին, որ Հայաստան են ժամանել ռուս բժիշկները Մոսկվա մեկնող պատվիրակության անդամներից, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանից արյան նմուշառում կատարելու համար, քանի որ ռուսական կողմը չի վստահում Փաշինյանի բժիշկների եզրակացությանը: Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից, սակայն, նշել են, որ նման տեղեկության չեն տիրապետում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել Սուրբծննդյան պատարագին, քանի որ, ըստ նրա խոսնակի, ինքնամեկուսացել է: Դարձյալ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ վարչապետի մեկուսացման պահանջը ռուսական կողմինն՝ է Մոսկվա կատարվելիք այցից առաջ: