կարևոր
1943 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-08 16:48

Թրամփը տեսաուղերձ է հրապարակել, որում խոստանում է իշխանությունը փոխանցել Ջո Բայդենին՝ կարգ ու կանոնով

Թրամփը տեսաուղերձ է հրապարակել, որում խոստանում է իշխանությունը փոխանցել Ջո Բայդենին՝ կարգ ու կանոնով

  
Թվիթեր վերադառնալուց հետո՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձ է հրապարակել, որում ասում է, որ պատրաստ է հունվարի 20-ին իշխանությունը փոխանցել կարգ ու կանոնով: Թվիթերն արգելափակել էր Թրամփի օգտահաշիվը 12 ժամով՝ պնդելով, որ նախագահի գրառումները կարող են բռնություն հրահրել:

Ֆեյսբուքում եւ Ինստագրամում Թրամփի հաշիվներն արգելափակված են առնվազն 2 շաբաթով՝ մինչեւ Ջո Բայդենի լիազորությունների ստանձնումը: Իր նոր տեսաուղերձում Թրամփը քննադատել է Կոնգրեսի վրա հարձակված ցուցարարներին՝ ասելով, որ նրանք չեն ներկայացնում Ամերիկան, օրենքը խախտողները կվճարեն:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք ու մի քանի ժամով հետաձգել նախագահական ընտրությունների վերջին քայլերից մեկը՝ ընտրությունների արդյունքների վավերացումը: Անկարգությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 5-ի: Շաբաթներ շարունակ Թրամփը պնդում էր, որ ընտրությունների արդյունքները կեղծված են ու որ հաղթել է ոչ թե Ջո Բայդենը, այլ հենց ինքը:

Նոր տեսաուղերձով Թրամփը, փաստորեն, հրապարակային ընդունել է ընտրություններում կրած պարտությունը: Ամեն դեպքում, իր աջակիցներին ԱՄՆ դեռ գործող նախագահը խոստացել է դուրս չգալ քաղաքականությունից՝ ասելով, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: