կարևոր
1724 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-08 10:07

Ցանկություն չունենք հայտնվելու նոյեմբերի 9-ի կարգավիճակում․ Ռուբեն Մելիքյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ժամը 12։00-ին շտապ հավաք ենք կազամակերպում ՀՀ արդարադատության նախարարության դիմաց. այս մասին հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով վաղ առավոտյան նկատել է, որ Արդարադատության նախարարության դիմաց Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել և համոզվել է կասկածի մեջ, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը՝ հունվարի 11-ին Մոսկվայում այն ստորագրելով Ալիևի և Պուտինի հետ։

«Մենք այլևս ցանկություն չունենք հայտնվելու նոյեմբերի 9-ի կարգավիճակում, երբ մեզ փաստի առջև կանգնեցրին։ Մենք բոլորս ունենք տեղեկատվություն ստանալու իրավունք և մենք բոլորս եկել ենք այստեղ, չենք էլ հասել այստեղ իրականում։ Երբ ես հայտնվեցի մոտակայքում, տեսա, որ 2-3 վաշտ ոստիկանական ուժեր էին այստեղ կենտրոնացած, ինչը էլի ավելի ամրապնդեց մեր համոզմունքը, որ այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է, որ գոյություն ունի փաստաթղթի նախագիծ և այն ոչ միայն գոյություն ունի, այլ անցնում է ընթացակարգեր։ Ես չգիտեմ, թե Սահմանադրությանը ինչպես են համապատասխանեցնելու, անկեղծորեն գաղափար չունեմ, թե ինչպես է հնարավոր»,-ասել է Մելիքյանը, ապա հավելել, որ այս ամենը տեսնելով են որոշել հավաքը ինքնաբուխ ռեժիմից փոխել շտապ հավաքի ռեժիմի։

«Առաջնային նպատակը պահանջելն է, որ փաստաթուղթը հրապարակվի։ Եթե հերքում են, թող այնպես հերքեն, որ որևէ կասկած այդտեղ չմնա։ Որովհետև բազմաթիվ անգամներ է եղել, երբ քաղաքական իշխանությունը մի բան հայտարարում է, հաջորդ օրը պարզվում է, որ պարզապես ստել են։ Չմոռանանք ինչ էր կատարվում նոյեմբերի 7-9-ին, երբ ասում էին, որ Շուշին մերն է։ Մենք չենք ուզում նման վիճակում հայտնվել, մենք ունենք տեղեկատվություն ստանալու իրավունք»,-ասել է Ռուբեն Մելիքյանը։