2472 դիտում, 2021.01.07 19:17

Պաշտոնական Երեւանն առաջին անգամ նոյեմբերի 9-ից հետո, վերջապես, արձագանքել է Ալիեւի աղմկահարույց հայտարարություններին

Պաշտոնական Երեւանն առաջին անգամ նոյեմբերի 9-ից հետո, վերջապես, արձագանքել է Ալիեւի աղմկահարույց հայտարարություններին

Պաշտոնական Երեւանն առաջին անգամ նոյեմբերի 9-ից հետո, վերջապես, արձագանքել է Ալիեւի աղմկահարույց հայտարարություններին, որոնք Ադրբեջանի նախագահը պարբերաբար հնչեցրել է անցած 2 ամիսների ընթացքում։

Նախ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն է հայտարարել, որ «նոյեմբերի 9-ի հայտարարությունը որեւէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի եւ Արցախի միջեւ տարբեր մակարդակներում կապերի մասով»: Դա հնչել է ի պատասխան Ալիեւի նախօրեին արված զգուշացում-հայտարարության, թե Հայաստանի պաշտոնատար անձանց Արցախ այցերը խանգարում են հարաբերությունների կարգավորմանը:

Ալիեւը մասնավորապես խոսել է Հայաստանի Արտաքին Գործերի նախարարի այցի մասին՝ հորդորելով չմոռանալ պատերազմի մասին եւ կոչ անելով, որ նման այցերին պետք է վերջ տրվի: Ալիեւն ասել է, որ բացառությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, որեւէ քաղաքացի իրավունք չունի առանց Ադրբեջանի թույլատվության այցելելու Արցախ։

Ի պատասխան, Աննա Նաղդալյանը շեշտել է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ «ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց փոխանակում: Ինչի հետեւանքով ազատ չեն արձակվում հայ ռազմագերիներն ու պատանդի կարգավիճակում հայտնված անձինք:

Ավելին, ադրբեջանական կողմը քրեական գործեր է հարցում հայ ռազմագերիների հանդեպ եւ ամենա-բարձր մակարդակով նրանց ներկայացնում է որպես ահաբեկիչներ, փորձելով խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը»:

Ի դեպ, այս վերջին դիտարկումը հայկական պաշտոնական կողմն անում է առաջին անգամ, երբ դրա մասին Ալիեւը խոսել էր դեռ ամանորից առաջ։ Այդ ժամանակ Ալիեւին հակադարձել էր միայն Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։ Հայ որեւէ այլ պաշտոնյա մինչ այժմ չէր հակադարձել Ալիեւին։