կարևոր
835 դիտում, 3 ամիս առաջ --> 2021-01-07 16:10

Կողմերը պետք է ցուցակագրեին և մյուս կողմին տրամադրեին գերեվարվածների ցուցակը․ Սիրանույշ Սահակյան

Կողմերը պետք է ցուցակագրեին և մյուս կողմին տրամադրեին գերեվարվածների ցուցակը․ Սիրանույշ Սահակյան

Հայ ռազմագերիներին վերադարձնելու լուծումը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավաբան Սիրանույշ Սահակյանը տեսնում է բացառապես քաղաքական հարթակում։

«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովի ընթացքում նա հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները բանակցությունների օբյեկտ լինելուց պետք է վեր կանգնեն և դառնան բանակցությունների սուբյեկտ, որ կարողանանք լուծել ռազմագերիների վերադարձի հարցը։ Եթե այդտեղ մենք ունենանք ձախողում, նրա խոսքով, փակուղում չենք հայտնվի՝ իրավական մեխանիզմներ կան։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ եթե ծանրաբեռնվածությունը ընկնի իրավական գործընթացների վրա, դրանք երկարատև են և կունենանք ժամանակի կորուստ։

Գերեվարված անձինք գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, բայց մինչ օրս հնարավոր չի եղել ապահովել նրանց լիարժեք պաշտպանությունը․ իրավաբանը բացատրեց, թե ինչու։

Պատասխանը, ըստ նրա, պարզ է․ այդպիսին է միջազգային իրավունքի առանձնահատկությունը և քաղաքական լուծումները պետք է իրականացվեին՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունը։ Իրավունքն ու իրականությունը տարբեր են։ Ուժի գործադրման արգելք է նախատեսում միջազգային իրավունքը, ավելին՝  նախատեսում է հետևանքներ։

«Մենք տեսանք, որ Արցախի նկատմամբ տեղի ունեցավ ագրեսիա, այն հանգեցրեց առ ոչինչ պայմանագրի կնքման և ներկայումս կյանքի են կոչվում առ ոչինչ պայմանագրի դրույթները։ Միջազգային հանրությունը կենտրոնական տեղ է հատկացնում այն պետությանը, որը հետևողական է իր իրավունքների իրականացման հարցում։ Այս տեսանկունից միջազգային իրավունքը մեր հանդեպ երբեք չի կիրառվի, եթե մեր պետությունը պահանջատեր չլինի այդ իրավունքի իրացմանը»,-ասաց իրավաբանը։

Նա նշեց, որ ռազմագերիների պարագայում ամրագրված է, որ ակտիվ հակամարտության դադարից  հետո նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք։ Այստեղ երաշխիքը «անհապաղն» է։ Կան նաև կանոններ, որ եթե անհապաղ ազատ չեն արձակվում, գործ ունենք կամայական ազատազրկումների հետ, ինչպես նաև կարող ենք խոսել առևանգումների, պատանդառությունների մասին, որոնք Ժնևյան կոնվենցիաների էական խախտումներ են և կարող են համարվել պատերազմական հանցագործություներ։

«Քաղաքական նախադրյալներ ունի այս ամենը․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի կարևորել վերադարձի հարցը, նշված չեն եղել ժամկետներ և կարևոր նախապայմաններ դուրս են մնացել։ Օրինակ, պետք է նախատեսվեր գործընթացի թափանցիկություն, յուրաքանչյուր կողմ պետք է ցուցակագրեր և մյուս կողմին տրամադրեր գերեվարված անձանց ցուցակը, որ գտնվում են իր տարածքում։ Միջազգային հումանիտար կազմակերպությունները պետք է կարողանային ստուգել ցուցակը, վավերացնել, որից հետո բուն փոխանակման գործընթացը կլիներ։ Այստեղ նաև ժամկետների ամրագրումը կարևոր կդառնար»,-ասաց Սիրանույշ Սահակյանը։

Նա փաստեց, որ խնդիրների ենք բախվում Ադրբեջանի ակնհայտ անբարեխղճության պատճառով՝ հերքվում են անգամ անվիճելի տարրերը, և առկա են անգամ ցինիզմի տարրեր։

«Բազմաքանակ տեսանյութեր տարածվեցին Էրիկ Խաչատրյանի խմբով․ այս տեսանյութների իսկությունը վիճալի չէ, ադրբեջանական կողմը անգամ չի վիճակում տեսանյութերի կեղծ լինելը, բայց նման ակնհայտ գերեվարումների պարագայում ադրբեջանական կողմը մերժում է այս անձանց գերեվարման հանգամանքը ոչ միայն Հայաստանի հետ շփումներում, այլև միջազգային գործընկերների հետ քննարկումներում։ Երբ մերժում է ակնհայտը, չենք կարող բարեխիղճ կատարում ապահովել»,-ասաց նա։

Այս պարագայում պետք էին Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարման երաշխիքներ, որոնք կարող էին լինել  Ասկերովն ու Գուլիևը, քանի որ Ադրբեջանը ահռելի ռեսուրներ էր ներդնում նրանց պաշտպանության համար։ Այնինչ այս երաշխիքն էլ մեր պետությունը ձեռքից բաց թողեց՝ առաջին փուլում Ադրբեջանին հանձնելով այդ հանցագործներին։

Դա արվեց եռակողմ հայտարարության մեջ «այլ գերեվարված անձ» արտահայտության տակ ստորագրելով, որոնք եղան ահաբեկիչները, որոնց վրա չի տարածվում ռազմագերիների իրավական պաշտպանությունը։ Հայկական իշխանությունների քաղաքական թույլ դիրքորոշումը, փաստորեն, այս հետևանքին հանգեցրեց։

Կա նաև մեկ այլ մտահոգիչ փաստ, որ նվազեցվեց Կարմիր խաչի ներկայացուցիչների դերը․ պարզվում է, մինչև գերեվարվածների վերադարձը շատերը անգամ տեսակցություն չեն ունեցել Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ։

«Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ գերեվարումները մնում է պաշտոնապես չընդունված, որը լի է կամայականությամբ․ եթե անձի որպիսությունը և արտաքին աշխարհի հետ կապը մնում է անհայտ, սրանք խոշտանգում ծնող գործոններ են»,-ասաց Սիրանույշ Սահակյանը։

Ադրբեջանական կողմը, նրա խոսքով, արդեն սկսել է չարաշահել գործընթացները՝ նա հայտարարություններ է անում, որոնցում հայ ռազմագերիներին ներկայացնում է իբրև ահաբեկիչներ։

«Նրանք նշում են, որ Խծաբերդի դեպքերով իրականացվել է հակաահաբեկչական օպերացիա։ Անգամ հայկական դիրքորոշմանը հակադրում են ռուսական և ադրբեջանական դիրքորոշումները, որ՝  նրանց հնարավորություն են տվել դիրքերը լքելու, սակայն վերջիններս չեն լքել, ինչի հետևանքով Ադրբեջանի ԱԱԾ-ն հակաահաբեկչական օպերացիա է իրականացրել։ Նա նաև լռում է, թե այդ գործողության հետևանքով ինչ անձեր են նույնականացվել»,-ասաց իրավաբանը։

Փաստորեն Ադրբեջանը, Ասկերովին և Գուլիևին ստանալուց հետո, հայ ռազմագերիների կարգավիճակը փոխում է և փորձում է լեգիտիմացնել իր գործողությունները։

«Ռազմագերիները չարաշահվում են, որ ադրբեջանական պրոպագանդայի մաս կազմող թեզերը կյանքի կոչվեն, օրինակ, ռազմագերիներին հարկադրում են Խոջալուի մասին ցուցմունքներ տալ, որ միջազգային հանրությանը մատուցվող իրենց թեզերը ապացուցվեն»,-ասաց նա։