4246 դիտում, 2021.01.06 23:17

Գառնիկ Մկրտիչյանի անուն-ազգանունը ոսկե տառերով կգրվի ՀՄԸՄ պատմության մեջ. Հրանուշ Հակոբյան

Գառնիկ Մկրտիչյանի անուն-ազգանունը ոսկե տառերով  կգրվի ՀՄԸՄ պատմության մեջ. Հրանուշ Հակոբյան

«Անկարող եմ նկարագրել սրտիս մորմոքն ու հոգեկան ապրումներս, երբ ստացա անսպասելի ու անհավատալի բոթը մեր այնքա՜ն սիրելի, ազգային գործիչ Գառնիկի մահվան մասին»- գրում է ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը հայ հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, սփյուռքում ու հայրենիքում հայ երիտասարդության դաստիարակության, կազմակերպման գործի նվիրյալ Գառնիկ Մկրտիչյանի մասին: 

«ՀՄԸՄ սգակիր իմ սիրելի քույրերին ու եղբայրներին,

Մկրտիչյան ընտանիքի բոլոր անդամներին,

Լիբանանի հայ համայնքի յուրաքանչյուր վշտակիր անդամի

Արցունքները խեղդում են կոկորդս, ցավը պարուրել է հոգիս, քանզի Գառնիկի մասին պետք է գրեմ անցյալ ժամանակով։

Անկարող եմ նկարագրել սրտիս մորմոքն ու հոգեկան ապրումներս, երբ ստացա անսպասելի ու անհավատալի բոթը մեր այնքա՜ն սիրելի, ազգային գործիչ Գառնիկի մահվան մասին։

Խորապես վշտակցում եմ բոլորիս, քանզի նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն Մկրտիչյան ընտանիքի, հարազատների, այլև ողջ հայ համայնքի, նրան ճանաչողների համար։

Այս ծանր ու դժնի օրերին, ողբի ու որբի Հայաստանում, վշտի, արյան ու արցունքի անտակ ծովում, երբ ալեկոծված է հայ ժողովուրդը, երբ կրել ենք ցավալի պարտություն, ունեցել անչափ թանկ կորուստներ, վիրավոր են մեր սրտերն ու հոգիները, բզկտվել ու անդամահատվել է երեսուն տարվա մեր համազգային հպարտությունը՝ հայոց սրբազան Արցախ աշխարհը, գիտեմ, թե ինչպիսի՜ հոգեկան խռովք ու տագնապ էր ապրում այդքան հայրենասեր, այդքան մարդասեր, ջերմ ու պայծառ անհատը։ Արժանավոր հայորդին տառապում էր համազգային ցավի ու վշտի պայմաններում, Արցախի ծվեն-ծվեն լինելու մասին լուրերը լսելիս։ Նա զանգահարում էր և անընդհատ լավ լուրի էր սպասում Արցախից, բայց, ավա՜ղ․․․ Գառնիկ Մկրտիչյանը պարզապես ապրում էր Հայրենիքի հոգսերով ու խնդիրներով։ Ես տեսել եմ նրա հրճվանքը՝ Հայաստանի և Արցախի նվաճումների մասին լսելիս, զգացել նրա ուրախությունն ու հպարտությունը՝ Մայր Հայրենիքի յուրաքանչյուր հաջողությամբ։ Անհավանական է, որ այդքան խելացի ու պայծառ, այդքան կենսասեր, այդքան ազգասեր ու հայրենասեր գործիչն այսօր մեզ հետ չէ։

Բնությունը չափազանց շռայլ էր գտնվել նրա նկատմամբ՝ օժտելով մարդկային առինքնող հմայքով, այլոց ոգեշնչելու և ի գործ մղելու բացառիկ ունակությամբ, անսահման բարությամբ ու վսեմ առաքինություններով։

Գառնիկ Մկրտիչյանի անուն-ազգանունը ոսկե տառերով կգրվի ՀՄԸՄ պատմության մեջ։ Նա իր պատանեկան, երիտասարդական և հասուն կյանքը նվիրեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությանը, իր գործունեությամբ նպաստեց հայ երիտասարդների սկաուտական շարժման զարգացմանն ու ակտիվացմանը։ Նրա ատենապետության տարիներին առավել ծաղկում ապրեց ՀՄԸՄ-ը, հիմնվեցին տարածքային միություններ Եվրոպայում, Ռուսաստանում։ Հիանալ կարելի էր, թե ինչպես էր ընկեր Գառնիկը խնամքով և ոգևորությամբ, իր ընկերների հետ նախապատրաստում ՀՄԸՄ 100-ամյա հոբելյանը։ 2018 թվականին գրեթե բոլոր հայկական համայնքներում տեղի ունեցան համահայկական այդ ամենախոշոր կազմակերպության 100-ամյակին նվիրված բազում միջոցառումներ։

Գառնիկը ծրագրում էր ու կատարում, հետևողական էր ու կարգապահ, խստապահանջ էր իր և իր ընկերների հանդեպ, աշխատասեր էր ու պատասխանատու, միաժամանակ, չափազանց բարի էր, ազնիվ ու մարդասեր։ Ընկեր Գառնիկը հզոր, կենսասեր ու աշխույժ անձնավորություն էր, հոգով շռայլ, մարդկային բարձր որակներով օժտված անհատ։

Նրա հետ իրականացրած մեր բազում ծրագրերն ունենում էին լայն տարածում և մեծ արձագանք երիտասարդների շրջանում և ծառայում էին իրենց նպատակին։ Նա լավ ընկեր էր, հոմեթմենական իսկական եղբայր, լուսավոր ՄԱՐԴ, վստահելի բարեկամ, ում հետ ցանկացած հարց կարող էի քննարկել ու խորհրդակցել։ Ցավալի է, որ այլևս չկա հայրենասեր հայը, հոգատար ու նվիրյալ ամուսինը, բացառիկ հայրը, սիրասուն պապիկը, հավատարիմ ու վստահելի ընկերը, համայնքի արժանավոր զավակը․․․

Համոզված եմ, որ Գառնիկի անունը երբեք չի բացակայի համայնքային կյանքից, նրան ճանաչողների հիշողությունից։

Նա ի Տեր ննջելուց հետո ևս կշարունակի իր հոգևոր ներկայությունը, կշարունակի ապրել իր երեխաների մեջ, ՀՄԸՄ հզոր ընտանիքի անդամների սրտում ու մտքում, հարազատների և ընկերների, նրան ճանաչող մարդկանց հիշողություններում։

Գիտեմ, որ մեր ազնիվ ու ժպտերես եղբոր հոգին լույս է դարձել և վերևից ժպտալու է մեզ, նաև բարեխոս է լինելու իր ընտանիքի, հայ համայնքի, մեր եկեղեցու, ժողովրդի և պետության համար։

Թող լույս իջնի Գառնիկ Մկրտիչյանի շիրիմին։

Հարգա՜նք ու խոնարհում նրա պայծառ հիշատակին։

Սգում եմ Ձեզ հետ միասին, կիսում եմ Ձեր վիշտը։

‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի և վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››:

Խորին հարգանքով և վշտակցությամբ՝

Հրանուշ Հակոբյան