կարևոր
1243 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-06 16:04

Լոնդոնի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին

Լոնդոնի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին

Լոնդոնի դատարանը մերժել է գրավի դիմաց WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ազատ արձակելու միջնորդությունը: Նա բանտում կմնա մինչեւ նրա արտահանձնման գործով ԱՄՆ-ի բողոքարկման քննությունը:

Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանի դատավոր Վանեսա Բարայցերը որոշում է կայացրեց, որ նա պետք է մնա Լոնդոնի Բելմարշ բանտում:

Հիշեցնենք, որ Ասանժը, որը 2010 թվականին Շվեդիայում մեղադրվում էր սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան ձերբակալել են ԱՄՆ-ի պահանջով։

Արտահանձնման հարցով լսումները սկսվել են 2019 թվականի մայիսի 2-ին: Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժին նոր մեղադրանքներ են առաջադրել լրտեսության եւ գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքի խախտման 17 դրվագում: ԱՄՆ-ում Ասանժին արտահանձնելու դեպքում սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։

Ամերիկյան կողմի փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ եթե դատավորը մերժումով պատասխանի ԱՄՆ-ի իշխանությունների հարցմանը, նրանք կբողոքարկեն որոշումը: Ասանժի իրավաբանների խոսքով՝ Wikileaks-ի հիմնադրի գործի քննությունը երկար տարիներ կտեւի եւ կարող է հասնել մինչև Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այնպես որ ներկայիս վճիռն, ըստ էության, ավարտում է գործընթացի միայն նախնական փուլը: