կարևոր
2825 դիտում, 9 ամիս առաջ - 2021-01-06 18:57

Ցավալի լուր՝ Բեյրութից․ մահացել է սփյուռքում ու հայրենիքում հայ երիտասարդության դաստիարակության, կազմակերպման գործի նվիրյալ Գառնիկ Մկրտիչյանը

Այսօր ցավալի լուր է ստացվել Բեյրութից։ Մահացել է հայ հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, սփյուռքում ու հայրենիքում հայ երիտասարդության դաստիարակության, կազմակերպման գործի նվիրյալ Գառնիկ Մկրտիչյանը։

Նա երկար տարիներ ղեկավարել է հայ իրականության մեջ երիտասարդական, մարզական համահայկական խոշորագույն եւ հնագույն կազմակերպությունը՝ Հայ Մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչությունը։

Բերութում ծնված եւ հասակ առած Գառնիկ Մկրտիչյանը պատանեկան, երիտասարդական տարիներից անդամագրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության կառույցներին, ինչպես շատ իր հասակակիցներ, ակտիվ դերակատարում է ունեցել Բեյրութի հայաբնակ թաղամասերի ինքնապաշտպանությանը, տեւական ժամանակ եղել է լիբանանա-հայության կենտրոն համարվող Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասի Դաշնակցության կոմիտեի ներկայացուցիչը, ապա նաեւ ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ։

Տասնամյակներ շարունակ նրա գործունեության հիմնական ուղղությունը եղել է հայ երիտասարդության կազմակերպումը, ազգային ոգով դաստիարակությունը։ Իբրեւ հայկական սկաուտական ՀՄԸՄ կենտրոնական վարչության նախ անդամ, ապա նաեւ՝ ատենապետ, Գառնկ Մկրտչյանն ակտիվ դերակատարույթուն է ունեցել Հայրենիքում 100-ամյա կազմակերպության գործունեության հաստատմանը, տարածմանը։

Հայրենիքում հիմնադրված Բյուրականի բանակավայրը, որի կառուցման գործում անուրանալի է եղել Գառնիկ Մկրտիչյանի մասնակցույթունը, դարձել է համահայկական կենտրոն, որտեղ ամեն տարի հավաքվում են աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր հայ երիտասարդներ։ Երկու տարի առաջ Գանռնիկ Մկրտիչյանը մեծ ուրախությամբ էր համակարգում Հայրենիքում սկատուտական կազմակերպության հիմնադրման մեկդարյա հոբելյանի տոնակատարությունները։

Նրա համար առանձնահատուկ հպարտության առիթ էր երկու տարի առաջ Արցախում սկաուտական կազմակերպության մասնաճյուղի հիմնադրումը։ Ինչպես ցանկացած նվիրյալ հայորդու, այնպես էլ Գառնիկ Մկրտիչյանի համար մեծագույն ողբերգություն էր 2020 թվականի պարտությունը եւ Հայրենիքի մի մեծ հատվածի կորուստը։

Սակայն նրա համար այն կրկնակի ողբերգություն էր, քանզի ապրեց իր սիրելի կազմակերպության՝ ՀՄԸՄ բազում սկաուտների նահատակությունը մարտի դաշտում։ Ցավոք, համավարակը կիսատ թողեց նրա գործը։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության աշխատակազմը միանում է մեր շատ լավ բարեկամ Գառնիկ Մկրտիչյանի ցավակցություններին։