կարևոր
2404 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-06 10:42

Սուրբ ծննդյան տոնական Սուրբ պատարագ Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց

Հունվարի 6-ին՝ ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ծննդյան տոնական Սուրբ պատարագ։ Սուրբ ծննդյան Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Սուրբ ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն։ 

Հունվարի 6-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ու բարեմաղթանքները հղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին` ամենքին փոխանցելով Տիրոջ Սուրբ Ծննդյան կենդանարար ավետիսը:

Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ նաև Ջրօրհնեքի արարողությունը: Սուրբգրային ընթերցումներից, ջրօրհնյաց շարականների երգեցողությունից և Բարսեղ Մեծի աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը:

Օրհնությունից հետո սուրբ խաչը փոխանցվեց խաչի այս տարվա կնքահորը` օրերս Արիության մեդալի արժանացած զինծառայող, կրտսեր սերժանտ, շիրակցի Գոռ Պետրոսյանին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին ջրօրհնյաց խաչով օրհնեց բարեպաշտ ժողովրդին:

Հավելենք, որ առավոտյան քաղաքացիները հավաքվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու մոտ ՝ թույլ չտալու Փաշինյանին մուտք գործել եկեղեցի: