կարևոր
1658 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-06 00:15

Սուրբ Ծննդյան արարողությունների ժամանակացույց

Սուրբ Ծննդյան արարողությունների ժամանակացույց

Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17.00-ից։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ։ Ճրագալույցի Սուրբ պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում՝ Սուրբ ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն՝ վառել։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։

Հունվարի 6-ին՝ ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ծննդյան տոնական Սուրբ պատարագ։ Սուրբ ծննդյան Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Սուրբ ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն։ Սուրբ ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում՝ տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով։ Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայություն։

Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Հունվարի 7-ին՝ Սուրբ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները։

Սուրբ ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատելու և անվանակոչելու հիշատակին