Իրանի Սեմնան նահանգում, բանակի տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ԱԹՍ-երի մասնակցությամբ, մեկնարկել է անօդաչուների առաջին մեծ զորավարժությունը:
Բանակի տեղեկատվության վարչության հայտարարության համաձայն, երեքշաբթի օրը, ներկայացնելով ռազմափորձի մանրամասներն Իրանի Իսլամական հանրապետության բանակի գործողությունների գծով պատասխանատու, ծովակալ Սեյեդ Մահմուդ Մուսավին ասել է.
«ԱԹՍ-երի տեսակետից Իրանն աշխարհի ամենակարող երկրներից է համարվում»:
Նա նշել է, որ զորավարժության ընթացքում, բանակի ցամաքային, ծովային եւ ավիացիոն ուժերի անօդաչու համակարգերը կատարելու են իրենց տրված առաքելությունները:
Իրանի բանակի գործողությունների գծով տեղակալը հավատիացրել է, որ զորավարժության ընթացքում անօդաչու սարքերն իրականացնելու են մարտական գործողություններ, օդ-օդ հրթիռների կիրառմամբ օդային թիրախների կործանում, ռումբերի եւ կետային հրթիռների կիրառմամբ ցամաքային թիրախների ոչնչացում: Կիրառվելու են նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Նա հավելել է. «Զորավարժության ընթացքում իրականացվելու է երկրի հարավային ջրային տարածքներում լողացող միջոցների վրայից ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի ԱԹՍ-երի թռիչք, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի հեռահար թռիչք՝ թշնամու խորքային տարածքում գտնվող կենսական նշանակություն ունեցող պայմանական թիրախները ոչնչացնելու նպատակով»: