կարևոր
1652 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-04 16:11

Շուռնուխի 12 տուն հանձնվել է Ադրբեջանին․ վերջին օրն է, որ տների բնակիչները հավաքում են մնացած իրերը

Շուռնուխի 12 տուն հանձնվել է Ադրբեջանին․ վերջին օրն է, որ տների բնակիչները հավաքում են մնացած իրերը

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ներքևի հատվածի 12 ուն արդեն հանձնվել է ադրբեջանցիներին Այս մասին Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել է Sputnik Արմենիային։

«Ոչ մի լավ նորություն չկա․․․ Ներքևի տները հանձնեցին․ ժողովուրդը հիմա ապրում են հարազատների մոտ», - ասել է նա

Նախնական համաձայնությամբ` Շուռնուխից 12 տուն պետք է հանձնվեր, ապա թիվը դարձավ 11: Սակայն, այնուամենայնիվ, այդ մեկ տան ընտանիքն էլ է դուրս եկել տարածքից։

«Դե ո՞նց կլինի` մենակ մնան իրանց մոտ։ Լրիվ անիմաստ ա։ Իրանք էլ են հավաքել իրերը, դուրս եկել։ Էսօր վերջին օրն ա, վերջին իրերն են դուրս հանում մարդիկ», - ասել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով` ադրբեջանցիները երեք օր է՝ գտնվում են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի՝ արդեն իրենց տիրապետության տակ անցած հատվածում, որտեղ «պոստ» են ստեղծել։

«Էսօր վերջնական ժողով արեցինք գյուղացիների հետ, մասնակցում էին հայ սահմանապահները, ռուս խաղաղապահ մի քանի հոգի, համայնքապետարանից մարդիկ։ Ասեցինք մարդկանց, որ ոչ մի ինքնագլուխ բաներ չանեն, ճանապարհը չանցնեն, ուշադիր լինեն երեխաների, անասունների նկատմամբ, որ անզգուշությամբ չգնան էն կողմը», - ասել է գյուղապետը։

Նա ասաց, որ դեռևս ոչ մի սահման չկա Շուռնուխի հայկական և ադրբեջանական մասերի միջև։

«Ոչ մի սահման չկա, վերջնական դեռ պիտի որոշվի», - ասել է նա։