24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանը՝ դատավոր Վանեսա Բարայթսերի նախագահությամբ անսպասելիորեն մերժել է «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ ԱՄՆ իշխանություններին արտահանձնելու հարցը: Ամերիկյան կողմի փաստաբաններն, ամենայն հավանականությամբ, բողոքարկելու են այդ որոշումը:
Իսկ ահա Լոնդոնի դատարանում բացատրելով մերժումը , նշել են, որ Ասանժին արտահանձնելու ԱՄՆ-ի հարցումը մերժվել է նրա հոգեկան առողջության հետ կապված մտավախությունների պատճառով:
Ասանժը, որը 2010 թվականին Շվեդիայում մեղադրվում էր սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան ձերբակալել են ԱՄՆ-ի պահանջով։
Արտահանձնման հարցով լսումները սկսվել են 2019 թվականի մայիսի 2-ին: Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժին նոր մեղադրանքներ են առաջադրել լրտեսության եւ գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքի խախտման 17 դրվագում: ԱՄՆ-ում Ասանժին արտահանձնելու դեպքում սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։
Ամերիկյան կողմի փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ եթե դատավորը մերժումով պատասխանի ԱՄՆ-ի իշխանությունների հարցմանը, նրանք կբողոքարկեն որոշումը: Ասանժի իրավաբանների խոսքով՝ Wikileaks-ի հիմնադրի գործի քննությունը երկար տարիներ կտեւի եւ կարող է հասնել մինչև Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այնպես որ ներկայիս վճիռն, ըստ էության, ավարտում է գործընթացի միայն նախնական փուլը: