17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Արցախում Նոր Տարին դիմավորել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում: ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ մատուցվել է պատարագ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տարեմուտի ուղերձ է հղել.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Հին տարին ճանապարհեցինք անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով և դիմավորեցինք նոր տարին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագով՝ ի հիշատակ մեր նահատակված հայրենակիցների:
2020 թվականը ծանրագույն կորուստների ու մարտահրավերների տարի էր հայ ազգի համար: Մենք կորցրեցինք հազարավոր անգին կյանքեր, որոնց հիշատակը հարգելու լավագույն ձևը նրանց առաքելությունն ու երազանքները շարունակելն է: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակել մեր նախնիների ու պատերազմում ընկած քաջորդիների գործը. թեև ծանր պայմաններում, սակայն միասնական, խելացի ու համբերատար պայքարը, համոզված եմ, կտա իր պտուղները պատմության երթում:
Ուստի, թո՛ղ 2021 թվականը հեռու պահի Հայոց հայրենիքը նոր արհավիրքներից, թո՛ղ այն դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի, թո՛ղ բոլորիդ օջախները լինեն խաղաղ և կյանքով լեցուն՝ միշտ մեր սրտերում վառ պահելով հայոց սուրբ նահատակների հիշատակը և նրանց հանդեպ մեր պարտավորությունները:
Խաղաղություն, վճռականություն ու ոգու տոկունություն եմ մաղթում յուրաքանչյուրիդ:
Փա՛ռք ընկած նահատակներին, փա՛ռք մեր անվտանգությունը երաշխավորող բոլոր մարտիկներին»: