կարևոր
1744 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-01 00:00

Վազգեն Մանուկյանի Ամանորի ուղերձը

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի Ամանորի ուղերձը

«Դժվար, դաժան էր 2020 թվականը, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ, տարածքային ահռելի կորուստներ: 

Մեր ազգային արժանապատվությունը ոտնահարված է, մենք կորցրել ենք անկախ պետականության մեր ամենամեծ նվաճումը, մեր հավաքական երազանքը՝ արցախյան հաղթանակը:

Այսօր ապահովված չեն անգամ ՀՀ անվտանգությունը և ինքնիշխանությունը, պատերազմը հնարավոր էր կանխել, պատերազմական գործողությունների ավարտն էլ  այս տեսքը չէր ունենա, եթե սխալ ու կասկածելի որոշումներ չընդունվեին, տեղի ունեցածը դավաճանության, անգրագիտության, ստի և կեղծիքի հետևանքներն են: Դա փոքր մարդու մեծ վրեժն էր հայ ժողովրդից, Արցախից, Հայաստանից»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանում այսօր անիշխանություն է և պետական կառավարման ճգնաժամ:

2020 թվականը ողբերգության, բայց նաև հերոսության տարի էր: Խոնարհվում եմ մարտերում զոհված մեր քաջերի հիշատակի առաջ, ցավակցում հարազատներին, համբերություն և տոկունություն մաղթում և նաև կորոնավիրուսից մահացած քաղաքացիների ընտանիքներին ևս ցավակցություն հայտնում:

2021 թվականին հսկայական անելիքներ ունենք, պետք է ապահովենք արժանապատիվ խաղաղություն, արդիականացնենք հայկական բանակը, ձեռք մեկնենք արցախահայությանը, տեր կանգնենք Հայաստանի սահմաններին, թույլ չտանք սոցիալ-տնտեսական կոլապս, ներդրումներ բերենք, վերացնենք, թույնի և ատելության ներքին մթնոլորտը: Ամենակարևորը՝ հայության մոտ վերականգնելու ենք հավատը մեր երկրի ապագայի հանդեպ: Ես տեսնում եմ, ես պատրաստ եմ ձեզ հետ անցնել այն ճանապարհը, որով մենք տեր կկանգնենք մեր երկրին, արժեքներին, արժանապատվությանը, ես հավատում եմ Արցախի և Հայաստանի վերականգնմանը, վերածնունդին»: