կարևոր
1986 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-31 23:25

2021 թվականը թող լինի մեր երազանքների հայրենիքը կառուցելու մեկնարկի տարին՝ ի փառս նահատակված մեր հերոսների և հանուն մեր ապագայի. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ուղերձը.

«Սիրելի հայ ժողովուրդ՝ Արցախի, Հայաստանի Հանրապետություններում և ամբողջ աշխարհում.

Մենք ճանապարհում ենք մեր ազգի համար թերևս ամենաողբերգական տարին՝ 2020 թվականը: Տարի, որի ընթացքում մենք կորցրինք հազարավոր մեր զավակներին, արյունով ազատագրած մեր պատմական հողերը, մեր արժանապատվությունը, մեր ուժը, մեր վաստակած հարգանքը, մեր վստահությունը: Մեր հայրենիքը հյուծված է, վիրավոր ու արնաքամ: Մեր ժողովուրդը գլխիկոր է, հուսահատ ու թեւաթափ: Մեր հերոսների կորուստը մենք, ավա՜ղ, վերականգնել չենք կարող: Փառք ու խոնարհում նրանց, որ ընկան հայրենիքի, քույրերի ու եղբայրների, զավակների, ծնողների, ժողովրդի ապագայի համար:

ԵՎ հենց այդ ապագայի մասին մտածելով և հանուն մեր հերոսների հիշատակի՝ մենք կարող ենք և պարտավոր ենք կանխել և վերականգնել մեր կորուստները: Նախևառաջ վերականգնել մեր վստահությունը. վստահություն հանդեպ ինքներս մեզ՝ քաղաքացուց մինչև երկրի ղեկավար՝ թոթափելով մեր վրայից սուտը, կեղծիքն ու չարությունը: Ապա վերականգնել մեր կորցրած հարգանքը մեզ հասկացողների ու չհասկացողների, մեզ սիրողների ու չսիրողների, մեր բարեկամների ու թշնամիների՝ ամբողջ աշխարհի մոտ՝ ինքնակազմակերպվելով, ինքնամաքրվելով, կայունանալով ու զարգանալով:

Զուգահեռ՝ վերականգնել մեր ուժը՝ շարունակական, համառ ու խելամիտ աշխատանքով, գիտելիքն ու փորձը շեշտադրելով, դիլետանտությունն ու արկածախնդրությունը բացառելով: Այնուհետև, այս ամենն ի մի բերելով, վերականգնել մեր արժանապատվությունը՝ քար առ քար, հեկտար առ հեկտար, շեն առ շեն, ավան առ ավան վերականգնելով մեր կորցրած հայրենիքը:

Սիրելի հայ ժողովուրդ՝ Արցախի, Հայաստանի Հանրապետություններում և ամբողջ աշխարհում. մեր տոնն այժմ սուգ է և այդպիսին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք չվերագտնենք մեր արժանապատվությունը և չկարողնանանք մեր հողին կանգնել հպարտ ու ամուր կեցվածքով, իրար նայել շիտակ ու ազնիվ հայացքով, աշխարհի հետ խոսել մեր լեզվով, վստահ ու պինդ շեշտադրումներով և առոգանությամբ:

ԵՎ մենք կարող ենք ու պարտավոր ենք դա անել: Ուրեմն, եկող, 2021 թվականը թող լինի մեր արժանապատվությունը վերականգնելու մեկնարկի տարին, ամիսների, տարիների ընթացքում մեր կորցրածը վերադարձնելու մեկնարկի տարին, մեր երազանքների հայրենիքը կառուցելու մեկնարկի տարին՝ ի փառս նահատակված մեր հերոսների և հանուն մեր ապագայի:

Խոսքս ավարտեմ նախորդ տարի հնչեցրած բանաձեւումով՝ նոր տարի, նոր պայքար։