կարևոր
1937 դիտում, 3 ամիս առաջ --> 2020-12-28 18:46

Ադրբեջանցիները Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին վնասել են հայկական պետհամարանիշով մեքենան

Ադրբեջանական շարասյունները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում: Այս մասին հայտնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: Վերջինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ճիշտ է՝ դրանք տեղի են ունենում հիմնականում ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկային խմբերի ուղեկցությամբ, սակայն դա որոշ դեպքերում չի խանգարում ադրբեջանցիներին, որպեսզի ճանապարհի տարբեր հատվածներում, մեղմ ասած, անհարմարություններ պատճառեն արցախցիներին։

Վերջին օրերին ակտիվացել է համացանցում շրջող տարբեր տեսանյութերի շրջանառումը, որտեղ ակնհայտ երևում է հայկական պետհամարանիշով մեքենաների նկատմամբ իրականացվող սանձարձակությունները։

Գրառմանս կից ներկայացված լուսանկարում մեր հայրենակցի վնասված մեքենան է, դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին։

Ո՞վ է զբաղվում կամ զբաղվելու այսպիսի խնդիրներով, կա՞ ՀՀ-ում կամ Արցախում մի պաշտոնյա, ով ռուսական կողմի հետ կարգավորելու է նմանատիպ խնդիրները։

Վերջապես ե՞րբ է կանոնակարգելու ադրբեջանցիների շարժերը և որտե՞ղ է ամրագրած, որ դրանք պետք է լինեն Արցախի մայրուղիներով։

Ո՞վ է փոխհատուցելու արցախցիներին պատճառված գույքային և բարոյական վնասները, դեռ որքա՞ն պետք է հանդուրժի արցախցին ադրբեջանցիների՝ արդեն ամենօրյա դարձող տհաճ ներկայությունը։

Այս «ջայլամային քաղաքականությունը» ծանր հետևանքներ է ունենալու»,- գրել է նա։