կարևոր
1749 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 14:48

«Իրատեսական եմ համարում մինչեւ Ամանոր հարյուրից ավելի գերեվարված անձանց վերադարձի կազմակերպումը». aravot.am

«Իրատեսական եմ համարում մինչեւ Ամանոր հարյուրից ավելի գերեվարված անձանց վերադարձի կազմակերպումը». aravot.am

Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի տեղեկացմամբ՝ բացի այն, որ այս ընթացքում դուրս բերվեցին հարյուր հիսունին մոտ դեպքեր, եւ դրանք հաստատվեցին, ու անձանց վերադարձի խնդիրներն են լուծվում, իրենց կարծիքով՝ հարյուրից ավելի դեռ անձինք կան, որոնց անհետացման հանգամանքները կարող են խոսել գերեվարման օգտին: ARAVOT.am-ը հրապարակել է  հարցազրույց իրավապաշտպանի հետ, որն առանց խմբագրման ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: 

«Եթե կոնտակտը միջնորդ կողմերի արդյունավետ լինի եւ ինչ-ինչ պատճառներով չձգձգվի, ես իրատեսական եմ համարում մինչեւ Ամանոր հարյուրից ավելի գերեվարված անձանց վերադարձի կազմակերպումը: Այս պահին մենք ունենք հարյուրից մի փոքր ավելի հաստատված դեպքեր, որոնց ճնշող մեծամասնությունը նաեւ պաշտոնապես ընդունվում է Ադրբեջանի կողմից, ուստի անխուսափելի է, որ առաջիկայում նշված անձանց վերադարձը պետք է լինի»,-«Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը: Ըստ նրա՝ գերիների եւ անհայտ կորածների հայտնաբերման, նրանց վերադարձի գործընթացի ձգձգման պատճառը բանակցություններում ձախողումներն են: Եթե լիներ ճիշտ բանակցող, որը գիտակցում է հայկական կողմի շահերը, կապիտուլյացիայի պայմանագրի կնքմանը զուգահեռ՝ հումանիտար խնդիրներին կտար կարեւորություն ու կդներ որոշակի պայման, ինչը չափազանց իրատեսական էր, որ հայկական կողմի իրավազորության տակ գտնվող տարածքների հանձնումը տեղի կունենա հայկական կողմի գերիների վերջնական ամբողջական ստուգված ցուցակը տրամադրելուց եւ անձանց փաստացի վերադարձից հետո: Այս առիթով իրավապաշտպանը նկատեց. «Սա տեղի չունեցավ, եւ ավելին, հայկական կողմն Ադրբեջանին ցանկալի երկու անձանց շատ արագ վերադարձրեց: Նույնիսկ չգնաց մի այնպիսի լուծման, որի պարագայում մի լծակ կպահպաներ իր ձեռքին: Օրինակ՝ կարող էր դիվերսանտներից մեկին հանձնել, մյուսին պահել: Արդյունքում այն, ինչ անհրաժեշտ էր Ադրբեջանին, ամբողջ ծավալով տրամադրվեց, մյուս կողմից՝ բանակցություններում հայ քաղաքացիների շահերը որեւէ կերպ չկարեւորվեցին: Նման հանգամանքներում մենք ունեցանք վիճակ, որ անհարկի ադրբեջանական կողմը ձգձգում է, խախտում է միջազգային պարտավորությունները, անընդմեջ սակարկում է որոշակի այլ նոր բաներ հայկական կողմից ստանալու նպատակով եւ այլն»: Իրավապաշտպանը հայտնեց՝ միակ ճանապարհը, որով փորձում են կոմպենսացնել, իրավական աշխատանքն է միջազգային ատյաններում, ինչը շատ ռեսուրսատար է եւ ոչ այնքան արագ, որքան քաղաքական բանակցությունները կամ քաղաքական երկխոսությունը: Նա նշեց. «Նման պայմաններում մենք աշխատում ենք միջազգային կառույցների, նաեւ ռուսական կողմի հետ: Ադրբեջանն ակնհայտորեն ստում ու խաբում է հայկական կողմին: Մենք ունենք փաստերով հիմնավորված անհերքելի դեպքեր, մինչդեռ ադրբեջանական կողմը մինչեւ հիմա հայկական կողմին ճշգրիտ ցուցակ էլ չի տրամադրել, ինչը, բնականաբար, անթույլատրելի է եւ շատ ցավալի, որ այդ մոտեցումը հանդուրժվում է հայկական իշխանությունների եւ նաեւ բանակցություններում կողմ հանդիսացող ռուսական իշխանությունների կողմից»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նորություն կա, հնարավո՞ր է առաջիկա օրերին գերեվարված անձանց նոր խմբի վերադարձ լինի, նա պատասխանեց. «Այո, քանի որ աշխատանքների արդյունքում մենք այս պահին ունենք հաստատված դեպքեր, որ պաշտոնապես ադրբեջանական կողմը ընդունում է, որ նշված անձինք գտնվում են գերության մեջ, Ադրբեջանում են, իսկ հաստատված դեպքերում անխուսափելի է անձանց վերադարձը»:

 Հստակեցմանը՝ քանի՞ անձի մասին է խոսքը, նա այսպես արձագանքեց. «Մենք մոտավորապես յոթ տասնյակին մոտ հաստատված դեպքեր ունենք, բայց դրան պետք է գումարենք մոտ 30 անվիճելի դեպքեր, որոնք թեեւ պաշտոնապես հաստատված չեն, բայց որեւէ կողմի, չեզոք դիտորդի համար այս անձանց գերեվարումը կասկած չի հարուցում»: Հարցին՝ մենք քանի՞ անհայտ կորածի կամ գերու մասին ունենք տվյալներ, որոնք դեռ չեն նույնականացվել, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Անհետ կորածների մասով չենք կարող ասել. վստահ եմ, որ նման տվյալներ ճշգրիտ անգամ չի կարող տրամադրել պետական մարմինը: Մենք քանի որ կենտրոնացած ենք գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության վրա, կարողացել ենք ամբողջական տեղեկություններ հավաքագրել, բայց անհայտ կորածների թվի դուրսբերումը նաեւ մեթոդաբանորեն է դժվար՝ հաշվի առնելով, որ հայկական կողմը չի զինվել անհրաժեշտ գործիքներով՝ նույնականացման գործընթացը ճիշտ եւ ժամանակին կազմակերպելու նպատակով: Եվ քանի դեռ հայտնաբերված դիերի նույնականացումը պատշաճ կերպով չի իրականանում, նաեւ որոնողական աշխատանքներն են անարդյունավետ, եւ այստեղ էլ մենք պատշաճ որակի միջպետական համագործակցություն չենք տեսնում, դժվար է դուրս բերել անհայտ կորածների իրական թիվ, ավելին, պատերազմի մասնակցության գործընթացը, զորահավաքը եւ կամավոր ներգրավումն այնքան անփույթ է իրականացվել, որ նույնիսկ պատերազմի մասնակցություն ունեցող, ունեցած անձանց տվյալներն են այս վերջին ժամանակներում ճշգրտվում: Այս աշխատանքի կազմակերպման նման բացթողումների պարագայում դեռ ժամանակ կպահանջվի մինչեւ հստակություն մտցվի պատերազմում ներգրավված անձանց վերաբերյալ, անհայտ կորածների եւ, իհարկե, մահացած ու նույնականացված անձանց վերաբերյալ»: Մեր հստակեցմանը՝ իսկ գերեվարված քանի՞ անձ կա, բացի այն շուրջ 100-ից, որի մասին ինքն ասաց, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Բացի այն, որ այս ընթացքում դուրս բերվեցին հարյուր հիսունին մոտ դեպքեր, եւ դրանք հաստատվեցին, ու անձանց վերադարձի խնդիրներն են լուծվում, մենք կարծում ենք՝ հարյուրից ավելի դեռ անձինք կան, որոնց անհետացման հանգամանքները կարող են խոսել գերեվարման օգտին: Եթե խորքային աշխատանք կատարվի այս անձանց դեպքերով, չենք բացառում, որ գերեվարման հանգամանքները կհաստատվեն, եւ նաեւ նրանց վերադարձի խնդիրներն էլ կլուծվեն»: Սիրանույշ Սահակյանի հավաստմամբ՝ իրենց եւ Արցախի ու ՀՀ-ի ՄԻՊ-երի աշխատանքն արդյունավետ է, որոշակի համագործակցություն կա ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ: Այս մասին ասաց. «Զուտ այն նպատակով, որպեզի բացառենք գործերի դուբլիկացիան կամ մեր վարույթում գտնվող գործերի առնչությամբ այնպիսի տեղեկատվության տրամադրումը միջպետական մանդատի շրջանակներում, որը կարող է ստուգված, գտնված չլիներ: Որոշակի մասով մենք տուժողների շահերն ենք նաեւ ներկայացնում ներպետական քրեական վարույթներում, քանի որ այն հանգամանքները, որոնք պարզվել են, բացահայտում են հանցագործություններ, որոնք պատժելի են նաեւ ՀՀ-ում, անխուսափելի է նաեւ քրեական վարույթների իրականացումը, ուստի իրավապահ մարմինների հետ համագործակցում ենք, տալիս ենք տեղեկություններ, եւ միեւնույն ժամանակ տուժողների առնչությամբ ստանում ենք փաստեր, որոնք մեծ նշանակություն են ունենում միջպետական հարթության մեջ մեր աշխատանքներում»: Իրավապաշտպանը ՀՀ ՊՆ-ի եւ ՀՀ ԱԳՆ-ի հետ աշխատանքն ամենեւին արդյունավետ չգնահատեց ու մանրամասնեց. «Եթե խոսենք գործընթացում քաղաքական աջակցության մասին, դա եւս տեսանելի չէ, տեսանելի աշխատանք չենք տեսնում արտաքին բնագավառում: Այն միջազգային գործընկերները, ում հետ մենք շփվել ենք, ունեն տեղեկատվության մեծ բաց ե՛ւ մարդու իրավունքների խախտումների, ե՛ւ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստացման հարցում: Ես ամենեւին տպավորություն չունեմ, որ արտաքին հարթակում ՀՀ ԱԳՆ-ն կարողացել է միջազգային հանրությանը ներկայացնել հայերի դեմ կատարված հանցագործությունները: Ճիշտ հակառակը, մենք շատ լավ տեղեկացված ենք, որ Ադրբեջանն է արհեստական գործեր նախաձեռնում: Շատ ռազմագերիներ զոհ են դարձել, եւ փորձ է արվել կորզել տեղեկատվություն, որը պետք է օգտագործվի ադրբեջանական պրոպագանդայի համար այն նպատակով, որպեսզի աշխարհին ցույց տան, որ առաջին արցախյան պատերազմի ընթացքում հայերն իրենց նկատմամբ կատարել են պատերազմական հանցագործություններ: Ստացվում է, որ մենք իսկապես զոհ ենք. կան հարյուրավոր փաստեր, աշխարհը դրանց մասին տեղյակ չէ, կամ տեղեկանում է հ/կ-ներից, իսկ հայկական կողմն աշխարհին ներկայացվում է որպես հանցագործ: Սա շատ զգայուն խնդիր է՝ նաեւ հաշվի առնելով, որ հայերը ցեղասպանություն վերապրած ժողովուրդ են, եւ այնպիսի պիտակավորում են տալիս, որը երբեք հարիր չի եղել, համահունչ չի եղել հայերի ինքնությանը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 26.12.2020