464 դիտում, 2020.12.28 11:35

Նաիրա Զոհրաբյանը կդիմի Սահմանադրական դատարան ՔՊ նախաձեռնությունը անիրավաչափ ճանաչելու համար

Նաիրա Զոհրաբյանը կդիմի Սահմանադրական դատարան ՔՊ նախաձեռնությունը անիրավաչափ ճանաչելու համար

«Կհանդիպենք Սահմանադրական դատարանում», - գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան: Նա հրապարակել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին «ՔՊ» խմբակցության նախաձեռնության իրավաչափության վերաբերյալ եզրակացություն, որով  հիմնավորում է «ՔՊ» խմբակցության նախաձեռնության անիրավաչափ լինելը: 

Ինչպես տեղեկացրել էինք, Աժ այսօրվա արտահերթ նստաշրջանի օրակարգի հարցերից մեկը Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելու հարցն է: 

Ներկայացնում ենք Նաիրա Զոհրաբյանի հրապարակած եզրակացությունը. 

 

«Եզրակացություն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին «ՔՊ» խմբակցության նախաձեռնության իրավաչափության վերաբերյալ

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին «ՔՊ» խմբակցության նախաձեռնությունը իրավաչափ չէ առնվազն հետևյալ փաստարկների ասպեկտով.

1. ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերը օրենսդրությամբ սահմանված չլինելը բխում է՝ տվյալ մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրելու իրավասություն ունեցող պատգամավորական խմբակցության հայեցողական լիազորությունից։ Այլ կերպ ասած, եթե լիազորությունների դադարման հիմքերը սպառիչ են, ապա լիազորությունների դադարեցման դեպքում՝ գործում է թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող իրավունքի սուբյեկտի հայեցողությունը։ Այսինքն՝ խմբակցությունն ինքն է որոշում իր քաղաքականությունը մշակելու և իրականացնելու արդյունավետությունը։ Այս համատեքստում, Սահմանադրության ներքին տրամաբանությանը առնվազն հակասող կլիներ, եթե նույնպիսի անսահմանափակ հայեցողություն վերապահվեր նաև մյուս, այդ թվում՝ կայուն մեծամասնություն կազմող խմբակցությանը, քանզի դա կհամարվեր օրինականացված հնարք՝ ընդդիմադիր խմբակցությունների վրա ճնշումներ բանեցնելու ասպեկտով։ Ցավոք, այս պահին մեծամասնություն կազմող խմբակցությունը հենց այս ակնհայտ մերժելի, սխալ պոստուլատով էլ ղեկավարվում է, կարծելով, թե հիշյալ անսահմանափակ լիազորությունը հենց իրեն է վերապահված։

Վերը նշված մեկնաբանությունը բխում է ինչպես Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով, այնպես էլ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1֊ին մասի 5-րդ կետով և 138-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավանորմերից։

Բացի տվյալ մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրելու իրավասություն ունեցող պատգամավորական խմբակցությունից, որևէ այլ խմբակցություն պարզապես իրավասու չէ ներկայացնելու տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ։

Շփոթը կարող է ծագել այն իրավակարգավորումից, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասով իբրև հստակեցված չէ, թե այդ իրավասությունը որ խմբակցությանն է պատկանում։ Մինչդեռ՝ հարկ է ղեկավարվել ոչ թե այն մտայնությամբ, որ որոշակիության բացակայության դեպքում այդպիսին կարող է ընկալվել ցանկացած խմբակցություն, այլ այդպիսին կարող է բացառապես լինել այն խմբակցությունը, որի ընտրությունը համահունչ է օրենսդրի նպատակի հետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41֊րդ հոդվածով ամրագրված մեկնաբանության կանոնները. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից (ընդգծումը մերն է), այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»։

Նկատենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմը՝ կարգավորման համատեքստում դիտարկելու, հատկապես, եզակի թվով «խմբակցություն» տերմինն օգտագործելու պարագայում ակնհայտ կդառնա, որ նկատի է ունեցվել բացառապես տվյալ մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրելու իրավասություն ունեցող պատգամավորական խմբակցությունը. «Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը (ընդգծումը մերն է)»։ Ընդ որում, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, բոլոր այն դեպքերում, երբ ամրագրվում է համընդհանուր հնարավոր վարքագիծ՝ իրավունք կամ լիազորություն, օգտագործվել է հոգնակի թվով «խմբակցություններ» տերմինը, ինչպես օրինակ՝ 7-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի 7-րդ մասը, 40-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և այլ հոդվածները։

2. «ՔՊ» խմբակցությունը դարձյալ սխալմամբ ենթադրել է, որ իր կողմից ներկայացված նախագիծն իրավաչափ է, քանզի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից իբրև թույլ է տրվել էթիկայի կանոնների խախտում։ Սակայն անտեսվել է այն տարրական կանոնը, ըստ որի՝ էթիկայի կանոնների խախտման փաստի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու լիազորությունը վերապահված է ոչ թե որևէ խմբակցությանը, այլ բացառապես պատգամավորական էթիկայի հարցերով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովին։

Այսպիսով, եթե անգամ պայմանականորեն ընդունեինք, որ մշտական հանձնաժողովի նախագահի կողմից էթիկայի կանոնների խախտում թույլ տալն արդեն բավարար հիմք էր նրա լիազորությունները դադարեցնելու նպատակով նախաձեռնությամբ հանդես գալու համար, ապա, նախ, անհրաժեշտ էր սահմանված կարգով ունենալ այդ փաստի վերաբերյալ իրավասու կառույցի համապատասխան եզրակացությունը։

3. Համապատասխան իրավասություն ունեցող խմբակցության կողմից մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծ ներկայացնելը, և ոչ թե անմիջապես լիազորությունների դադարեցման մասին որոշում կայացնելը բխում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերից և պայմանավորված է Ազգային ժողովի մարմիններում պատգամավորի սահմանադրական կարգավիճակի երաշխավորվածությամբ։ Այլ կերպ ասած, անգամ թեկնածությունն առաջադրած խմբակցությունն իրավասու չէ անմիջականորեն լուծելու այդ մարմիններում պատգամավորի կարգավիճակը, ինչից բխում է, որ առավել ևս որևէ այլ խմբակցության միջամտությունը նույն այս համատեքստում իրավաչափ չէ։

Այսպիսով, պատգամավորի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումները քննարկման առարկա կարող են դառնալ բացառապես պատգամավորական էթիկայի հարցերով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովում։

Հ.Գ. Շնորհակալ եմ Հայաստանի լավագույն իրավաբաններին սահմանադրագետներին՝ եզրակացության եւ ՍԴ-ում հարցը ներկայացնելու պատրաստակամության համար»։