28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել.
«Ն. Փաշինյանը հայտարարել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու մասին:
Վստահաբար փաստում ենք, որ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վարչապետի այս պատրաստակամությունը պայմանավորված է բացառապես Հայրենիքի փրկության շարժման գեներացրած զանգվածային չդադարող բողոքի ակցիաներով և պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքով առաջացած ժողովրդական ցասումով:
Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների, գիտակրթական և մշակութային մտավորականության, փաստաբանական համայնքի և հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ վարչապետի հրաժարականի միասնական պահանջն է, որ պարտադրել է Փաշինյանին հանդես գալ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով:
Կարող ենք արձանագրել, որ սա Հայրենիքի փրկության շարժման առաջին հաղթանակն է: Այդուհանդերձ, այս պահին սա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ:
Բարոյական և քաղաքական լեգիտիմություն չունի և ընտրական ազատ գործընթաց չի կարող երաշխավորել այն վարչապետը, որն աննախադեպ ներազգային պառակտման է հասցրել հասարակությանը, կապիտուլյացիոն համաձայնագրով դավաճանել է մեր ազգային շահերը, խաթարել երկրի ինքնիշխանությունը՝ երկիրը հասցնելով քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական ու բարոյական կոլապսի:
Ինչպես նախապես հայտարարել ենք, վարչապետի հրաժարականին հաջորդող ժամանակավոր անցումային կառավարությամբ է հնարավոր երկրում ձևավորել հանրային համերաշխության մթնոլորտ և հակաճգնաժամային քայլերով կասեցնել պետականության կորուստը, որից հետո կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Մեր պայքարն արդար է, մեր պահանջը՝ հիմնավոր:
Հայրենիքի փրկության համար պայքարելու ենք մինչև վերջ:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
27.12.2020»: