կարևոր
1317 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-27 14:31

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ՌԴ ԱԻՆ աշխատակցի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ՌԴ ԱԻՆ աշխատակցի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ:

«Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ.

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ:

Փրկարարի առաքելությունը մարդասիրական է և մեր աշխատանքը միտված է միայն ու միայն մարդկային կյանքեր փրկելու, բնական և տեխնածին աղետների դեմ պայքարելու և դրանք կանխարգելելու ուղղությամբ: Սա է մեր կյանքի խնդիրը: Ուստի, փրկարարների ամենօրյա աշխատանքը արժանի է խորին հարգանքի:

Ցանկանում եմ առանձին շնորհակալական խոսք ասել ՌԴ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար պարոն Եվգենի Զինիչևին, Արցախում մարդասիրական առաքելության պատասխանատուներին՝ ի դեմս փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն, Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծանր ու դժվար օրերին հետպատերազմական Արցախի կողքին են:

Մեր ծառայության հետ արդեն մեկ ու կես ամսվա համագործակցությունը ոչ միայն օր օրի ավելի է ամրապնդվում, այլև շոշափելի տեղաշարժ է նկատվում:

Երկու գործընկեր կառույցների միջև փոխգործակցության արդյունքում, օրեր առաջ Ացախի ԱԻ ծառայության նյութատեխնիկական բազան համալրվեց ժամանակակից փրկարարական տեխնիկայով և մեքենաներով, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորիդ:

Բոլոր ստորաբաժանումներում համագործակցությունը կշարունակենք նաև առաջիկայում: Կարծում եմ փորձի փոխանակումը կնպաստի փրկարար ծառայության աշխատանքի արդյունավետությանը:

Մենք երախտապարտ ենք նաև խաղաղապահ առաքելության զինանձնակազմին, որոնք ամեն կերպ աջակցում են անվտանգության ապահովմանը: ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները Արցախի սակրավորական խմբերի հետ համատեղ շարունակում են հայտնաբերել և ոչնչացնել չպայթած զենք-զինամթերքը՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ. թող ամեն մի փրկարարական առաջադրանք կատարվի հաջողությամբ և ունենա արդյունավետ ավարտ:

Շնորհակալ ենք փրկված կյանքերի համար. Խաղաղ երկինք Ձեզ և Ձեր ընտանիքներին:

Հարգանքներով ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյան

Լուսանկարում՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-Մայոր Կարեն Սարգսյանը ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկու հետ»: