Ռուսաստանում աշխատում են մոնոկլոնալ հակամարմինների հիման վրա նոր կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի անալոգը ստեղծելու ուղղությամբ, որով բուժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Հետազոտությունների արդյունքները կներկայացվեն արդեն հաջորդ տարվա վերջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ալեքսանդր Գինցբուրգին, որի ղեկավարած կենտրոնում մշակվում է դեղամիջոցը:
«Որոշ ուղղություններով մենք դրամաշնորհներ ենք ստացել, իմ հիմնական լաբորատորիաներից մեկը զբաղվում է բացարձակապես դրանով (դեղամիջոցի ստեղծմամբ): Դա մոնոկլոնալ հակամարմիններն են, փաստացի այն հակամարմինները, որոնք պաշտպանում են վիրուսից եւ գտնվում առողջացածների պլազմայում:Կարծում եմ հաջորդ տարվա վերջում ձեզ կպատմեմ դրական արդյունքների մասին, իսկ հնարավոր է անգամ աշնանը»,- ասել է Գինցբուրգը
Գիտնականը կիսվել է, որ կենտրոնն աշխատում է նաեւ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, որը միաժամանակ պաշտպանում է նոր կորոնավիրուսից եւ գրիպից:
«Ստեղծում ենք նաեւ տարատեսակ քիմիա, որը պետք է պաշտպանի ներհիվանդանոցային վարակներից, դա է ստացիոնարում կովիդով հիվանդների մահվան հիմնական պատճառով, երբ նրանք միացվում են ԹԱՕ սարքերին… Նրանք մահանում են նախ ներհիվանդանոցային վարակներից: Սակայն դա, իհարկե, մեկ ամիս անց չէ, տա Աստված մեկ տարի անց արդեն ամեն ինչ ստեղծվի»,-եզրափակել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թրամփի բուժող բժիշկ Շոն Քոնլին, ԱՄՆ առաջնորդի մոտ կորոնաիրուսի հայտնաբերումից հետո վերջինս ընդունել է փորձագիտական շիճուկ հակամարմինների հիման վրա, որն արտադրվել էր Regeneron Pharmaceuticals ամերիկյան ընկերության կողմից: Ինքը՝ Թրամփը, հայտնել էր, որ զգացել է՝ որպես սուպերմեն այդ դեղամիջոցն ընդունելուց հետո: