կարևոր
832 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-26 20:20

Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառման հետ. պարզաբանում

Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին հիմնականում սոցիալական տիրույթում քննարկումների, հաճախ նաև շահարկումների թեմա էր դարձել Վալլեքս Գարդեն Հոթելի բակում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ի սկզբանե տեղեկացնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ այդ նախաձեռնության և նրա ընթացքավորման հետ: Բայց, հետևելով հանրության շրջանում իրարամերժ տրամադրություններին, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները կապ են հաստատել հիմնադրամի պատասխանատուների հետ, և վերջիններս, հաշվի առնելով մեր մտահոգությունները, վերանայել են իրենց որոշումը: Արդյունքում, միջոցառման նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են:

Նաև տեղեկացնում ենք, որ այս տարի Ստեփանակերտը Ամանորը տոնական հանդերձանքով չի դիմավորի: Սա նախևառաջ հարգանքի տուրք կլինի մեր զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ ունեցած սուղ միջոցները կուղղվեն պատերազմից վիրավոր մեր քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանը… Եվս մեկ անգամ խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում՝ Արցախն ապրեցնելու ենք»: