կարևոր
1269 դիտում, 3 ամիս առաջ --> 2020-12-25 19:58

Ոստիկանները քաշքշեցին երեկ՝ արնահոսելու աստիճանի հարվածներ ստացած ցուցարարի քրոջը

Ոստիկանները քաշքշեցին երեկ՝ արնահոսելու աստիճանի հարվածներ ստացած ցուցարարի քրոջը

Ոստիկանները քաշքշեցին Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող ՀՅԴ անդամներին՝ այդ թվում երեկ՝ արնահոսելու աստիճանի հարվածներ ստացած, երիտասարդի՝ Ս․ Մ․-ի քրոջը՝ Հուրիին։

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին փողոցը և ոստիկանները քաշքշելով ու հրելով հեռացրին նրանց։

Բողոքի ակցիայի մասնակիցները շարունակեցին անհնազանդության ակցիան՝ երթով շարժվելով տարբեր փողոցներով։

«Նիկոլ Փաշինյանը, պատերազմն սկսվելու առաջին օրվանից մինչև այսօր ներքաղաքական խնդիրներն ավելի շատ կարևորեց, քան Ադրբեջանի հետ ունեցած խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը անհայրենիք է»,-հայտարարեց ցուցարարներից՝ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը։

Նա նշեց, որ այս պայքարը նաև այն մարդկանց սերունդների համար է, ովքեր չեն մասնակցում այս պայքարին։

Նրանք փակեցին նաև Պուշկին-Մաշտոց փողոցների խաչմերուկը։

Այդտեղից ոստիկանները, բռնի ուժ գործադրելով, սկսեցին բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին։ 

Ավելի քան երկու տասնյակ ցուցարարների հետ բերման ենթարկեցին նաև ՀՅԴ անդամներ Գոռ Սարգսյանին և Գերասիմ Վարդանյանին։

Մյուսները շարունակեցին երթը այլ փողոցներով։

Մաշտոցի մեկ այլ հատվածից՝ Ամիրյան փողոցի հետ խաչմերուկից, ոստիկանները դարձյալ բռնի ուժով բերման ենթարկին ևս մեկ տասնյակ ցուցարարների։

Մյուսները շարունակեցին երթը։

Մի քանի րոպե փակ է պահել Ամիրյան փողոցից հեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածը ևս։ Այստեղից ոստիկանները բերման չենթարկեցին ցուցարարներին։

Հանրապետության հրապարակում նրանք միացան Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն երրորդ օրը նստացույց իրականցնող քաղաքացիներին։ Երևանի այլ հատվածներում ևս բողոքի ակցիաներ իրականցնող քաղաքացիները միացան նստացույցի մասնակիցներին՝ խարույկի շուրջը։

Ցուցարարների նպատակը հայ ժողովրդի մեջ ազգային ինքնասիրության գիտակցումը արթնացնելն է։

«Առանց Նիկոլ Հայաստան» միաձայն վանկարկեցին ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակում։