կարևոր
440 դիտում, 5 ամիս առաջ - 2020-12-25 18:25

Կարգելվեն որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևան. ՇՄ նախարարությունը սահմանում է ուժեղացված հսկողություն

Կարգելվեն որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևան. ՇՄ նախարարությունը սահմանում է ուժեղացված հսկողություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն: Սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։

Իրականացվող գործողությունների շրջանակներում  2020 թվականի դեկտեմբերի 22-ին շրջակա միջավայրի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև հաստատվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում (2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ) իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագիր։

2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվելու է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։ Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։

Միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են Սևանա լճի «Սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր կիրականացվեն նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։

 Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն համապատասխան գրություններով  դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով աջակցել  մարզպետարանների և համայնքապետարանների, ինչպես նաև  Երևան քաղաքի վարչական շրջանների միջոցով կազմակերպել համատեղ ստուգայցեր՝ սիգի փողոցային առևտուրը վերահսկելու նպատակով։