Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հարցեր է ուղղել վարչապետին․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ սահմանների ճշտման միակողմանի գործողությունները կատարելիս հիմք է ընդունում ԽՍՀՄ սահմանները և GPS համակարգի տվյալները:
Վարչապետ նիկոլ Փաշինյանը տեղյակ է արդյոք, որ 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի Հանրապետության անկախության սահմանադրական ակտով Ադրբեջանի Հանրապետությունը իրեն համարում է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը և ոչ թե՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտած Ադրբեջանի իրավահաջորդը:
Այս դեպքում, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում ԽՍՀՄ սահմաններով, երբ Ադրբեջանն այն մերժում է:
Արդյոք հաջորդ քայլով Նիկոլ Փաշինյանը չի՞ ղեկավարվելու Ադրբեջանի կողմից 1918-1920թթ. իրեն վերագրած տարածքների սահմաններով:
Արդյոք ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետի, նպատակ է դրե՞լ արդարացնել Ադրբեջանի ակնկալիքները:
Ես այսպես եմ պատկերացնում իրավիճակը, պետք է բոլոր, հնարավոր հակասություններն օգտագործել Ադրբեջանի միակողմանի պահանջները մերժելու կամ վատագույն դեպքում ձգձգելու համար: Բայց վարչապետն ինքն է կարծես հակասությունները փորձում վերացնել Ադրբեջանի օգտին»: