կարևոր
1518 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-24 17:46

Հետախուզում է հայտարարվել մշակույթի նախկին նախարարին, իսկ նրան օժանդակելու համար՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպանին

Հետախուզում է հայտարարվել մշակույթի նախկին նախարարին, իսկ նրան օժանդակելու համար՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումների մի շարք հանգամանքներն ու դրանց կատարման մեխանիզմը:

ՔԿ-ի հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Պ.-ն (Հասմիկ Պողոսյան-խմբ), 2006թ. զբաղեցնելով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահը, հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասը, հասարակական կազմակերպության նախագահ, իսկ այնուհետև Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս-ի օժանդակությամբ, դարձրել է հասարակական կազմակերպության սեփականությունը` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Այնուհետև 201.000.000 ՀՀ դրամ գնահատված արժեքով շենքը և հողամասը, որպես ավանդ, ներդրել են նշված հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ հիմնադրված ՍՊ ընկերության կապիտալում` ավանդի չափով ավելացնելով կանոնադրական կապիտալը, որից հետո դարձրել են նշված ՍՊ ընկերության սեփականություն և նպատակ ունենալով իրականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխանցում՝ ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը, 550.000 ԱՄՆ դոլարով ձևական գործարքի միջոցով, օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ-ի բարեկամին պատկանող ընկերությանը` այդկերպ փորձելով բարդ հանցավոր սխեմայով օրինականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Իսկ հասարակական կազմակերպության նախագահ, Իսրայելում ՀՀ նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամի չափով: