կարևոր
1584 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-24 11:43

Ոստիկանները, որ հիմա այստեղ շարված են, երկու ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու․ Իշխան Սաղաթելյան

Ոստիկանները, որ հիմա այստեղ շարված են, երկու ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու․ Իշխան Սաղաթելյան

Շարունակելու ենք կառավարությանը շրջափակման մեջ պահել և շարունակելու ենք մեր ակցիաները։ Այս մասին հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարության ելումուտը շրջափակելու՝ բողոքի ակցիայի ժամանակ։

«Այս կառավարությունը հակահայկական, հակաազգային կառավարություն է, որի գործունեությունը չի բխում մեր ժողովրդի շահերից, այն րոպե առաջ պետք է տուն գնա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա ու գիտակցի՝ եթե այս կառավարությունը շարունակի գործել, ազգային ծանր հետևանքներին հաջորդելու է նաև սոցիալական ծանր աղետը մեր երկրի։

«Այս ոստիկանները, որ հիմա այստեղ շարված են, երկու ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն թոշակ չի ստանալու, երկիրը վերջնականապես այս խուժան կառավարությունը տանելու է կործանման։ Դրա համար մենք՝ մեզանից կախված ամեն ինչ անելու ենք՝ այս կառավարությունից վայրկյան առաջ ազատվելու համար»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյան ասաց՝ հիմա սա բողոքի շատ հստակ գործողություն է, որպեսզի կառավարության անդամները, որ գտնվում են կառավարության շենքում, դուրս չգան․ «ՀՀ այն քաղաքացին, ով դժգոհ է սրիկաների կառավարությունից, պետք է լինի այս հրապարակում և թույլ չտա, որ այս շենքից դուրս գան»։

Նրա համար անհասկանալի է՝ հիմա հավաքվել են՝ ի՞նչ են անում, գերագույն գլխավոր խրտվիլակը այս շենքում ի՞նչ գործ ունի, ինչի՞ց է խոսում, ինքն ի՞նչ կարող է անել այս երկրի համար, բացի կործանումից։