ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները ԼՂ տարածքում։ Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային արվարձանների ականազերծումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ականազերծել են 274 հեկտար տարածք, շուրջ 105 կմ ճանապարհ, 451 շենք-շինություն։ Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 8700 պայթյունավտանգ առարկա։
Ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի և վատ եղանակի պայմաններում։
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները։