Լավագույն պարագայում Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն է խաբում, եթե խոսում է ժողովրդի վստահությունից․Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ, ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը։
«Մարդը, որը թշնամուն անձնատուր է եղել, իրավունք չունի սեփական ժողովրդին ղեկավարել՝ անկախ մեղավորության աստիճանից։ Եթե ինքը նվազագույն արժանապատվություն ունի և նվազագույն հարգանք այս երկրի ու ժողովրդի նկատմամբ, պետք է կամավոր մի կողմ գնա, որ հնարավորություն ստեղծի, որ մենք կարողանանք վերատիրանալ մեր իրավունքներին։ Այն, ինչը հանձնել է, կարողանանք վերատիրանալ։ Ինքը երկիրը հասցրեց այս մակարդակին։ Շատ վաղուց էր հայտնի, որ պատերազմ է լինելու, ես առնվազն 2 տարի առաջ եմ ասել, որ պատերազմ է լինելու, որ բոլոր տվյալները ցույց են տալիս, որ մենք պատրաստվում ենք այդ պատերազմում պարտվել, այդպես էլ եղավ»,-ասաց նա՝ նշելով, թե կատարվածը չպետք է հանկարծակիի բերեր։
«Մենք վաղուց գիտեինք, թե այս պատերազմն ինչպիսին է լինելու։ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, չկարողացավ սպառազինության բալանս ստեղծել, չկարողացավ ճիշտ հարաբերություններ ստեղծել, որ դուրս գայինք, ոչ էլ կարողացավ ճիշտ տեսակի բանակցություններ վարել։ «Ժուլիկությունը», որն ինքը ներհայաստանյան մակարդակով էր գործադրում, գործադրեց միջազգային ասպարեզում, և մենք հասանք այստեղ»,-ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով՝ եթե Փաշինյանը չի հասկանում, որ հանուն երկրի պետք է հեռանա, ուրեմն՝ պետք է իրեն հեռացնել․ «Նա, մնալով այդ պաշտոնին, հայ ժողովրդին մղում է ծայրահեղությունների, որոնցից պետք է մեր երկիրը զերծ պահենք։ Մեր երկիրը չպետք է այս պահին նոր ցնցումներ ապրի, մենք չպետք է Էլչիբեյի Ադրբեջան դառնանք, չպետք է քայքայենք այն, ինչ մնացել է։ Նա պետք է խնայի ժողովրդին, հեռանա»,-ասաց Մարգարյանը։
Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի՝ ընդդիմադիրները փորձում են յուրացնել ժողովրդի իշխանությունը, Մարգարյանն արձագանքեց, թե իր կարծիքով՝ որևէ մեկի անձնական կարիերայի հարց չկա։
«Այս մարդիկ եթե համախմբվել են, միայն հայրենիքի ցավից է։ Այդ ցավն է, որ մեզ ոտքի է հանել, այն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել, որ կարողանանք մեր երկրի համար մի բան անել»,-ասաց նա։
Ըստ Մարգարյանի՝ Փաշինյանը սխալ է անում, որ ոստիկանության պատվի հետ է խաղում․ «Նա տանում է քաղաքացիական բախումների, բայց պետք է խուսափենք դրանից»,-նշեց Հրանտ Մարգարյանը։