կարևոր
1440 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-23 18:55

Կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ․ Սեյրան Օհանյան

Կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ․ Սեյրան Օհանյան

Այս պատերազմում հայկական բանակը չի պարտվել։ Հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ։

Նա վստահ է, որ պարտվել է իշխանությունը՝ անգրագետ գործողություններով.

«Միայն 2 վայրում մոտավորապես 20 կմ-ով է ճեղքվածք եղել՝ մխրճում հակառակորդի կողմից: Պարտավոր էինք, համոզված եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում»,-մանրամասնեց գեներալ-գնդապետը:

Նա մտադիր չէ լսել, երբ իր, մարտական ընկերների, կառավարության ընկերների կատարած աշխատանքը զրոյացնում են:

Պաշտպանության նախկին նախարարը վստահեցրեց, որ իրենք իշխանության չեն ձգտում։

Սեյրան Օհանյանը պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:

«Մեզ պետք են փորձառու մարդիկ։ Ես պաշտպանում եմ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ քաղաքական որևիցե գործունեություն չծավալելով։ Էդ ինչքան եղավ անփորձների մի թիմ, որ կարողանում են այսօր ղեկավարել ու քննադատել, և Վազգեն Մանուկյանը չկարողանա՞ նրանց նման կամ նրանցից ավելի լավ ղեկավարել։ Ում ինչի հետ ենք համեմատում»,-ասաց նա։

Սահմանազատումների մասին Սեյրան Օհանյանն ասաց՝ «դելիմիտացիա» նշանակում է աշխատել քարտեզի վրա և նշել այն սահմանը, որը դու ես ցանկանում, բայց դրա համար գոյություն ունեն պայմաններ։

«Այդ պայմանները խաղաղ գործընթացներն են, հակառակորդի, հարևան պետության հետ պայմանավորվածությունն է և հարևան պետության կառավարության հետ խառը հանձնաժողովի ստեղծումն է։ Այդ խառը հանձնաժողովն է, որ պետք է տեղում ուսումնասիրի, քարտեզի վրա գծի ամեն ինչը, որը հետո պետք է հավանություն ստանա կառավարության կողմից, որից հետո պետք է անցնեն «դեմարկացիայի» գործընթացին՝ այսինքն քարտեզի վրա գծածն աշխարհագրական մակերևույթի վրա տեղադրելը։ Դրա համար նորից պետք է ստեղծվի խառը հանձնաժողով, և այդ խառը հանձնաժողովը նորից տեղում պետք է աշխատի և գա վերջին փուլն արդեն․ պետք է գան համապատասխան համաձայնության, հաստատվեն պետությունների կողմից, որից հետո սահմանային համապատասխան սարքավորումներ՝ արգելափակոցներ, սյուներ, բուրգեր տեղադրեն։ Եթե հետագայում, տարիների ընթացքում դրանք խախտվում են, ապա գոյություն ունի «ռեդամարկացիա» հասկացությունը, այսինքն նորից վերանայվում, տեղադրվում են սահմանային բոլոր պարագաները»,-մանրամասնեց Սեյրան Օհանյանը։