կարևոր
414 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-23 17:15

Ռոբերտ Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Ռոբերտ Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում  դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ռոբերտ Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ռոբերտ Ղազարյանը ծնվել է 1976թ. Երևանում: 2001թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը, 2005թ-ին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան:

Ռոբերտ Ղազարյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հին Արևելքի պատմությունը, Հայոց պատմության հին շրջանը, Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի պատմության միջին և ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանը: Նա 4 գրքի և 31 հոդվածի հեղինակ է: Ռոբերտ Ղազարյանը 2005 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում: 

2013-2020թթ. եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, 2020 թ. սեպտեմբերի 15-ից՝ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Ռոբերտ Ղազարյանը  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի վարիչն է 2008թ-ից:  2015թ-ից առ այսօր նա ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլալեզու պարբերականի պատասխանատու քարտուղարն է, 2014 թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» ժողովածուի գլխավոր խմբագրի տեղակալը:

Ռոբերտ Ղազարյանը Հայաստանի պատմաբանների ասոցացիայի անդամ է: 2011-2015թթ. եղել է ԲՈԿ-ի 006 Համաշխարհային պատմություն մասնագիտական խորհրդի անդամ, «Մերձավոր Արևելք», «Հին Արևելք», «Արևելագիտությունը Հայաստանում» ժողովածուների խմբագրական խորհուրդների անդամ: