Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Արտակ Բեգլարյանը ասաց, որ հայկական կողմին է վերադարձվել 53 գերի։
«Բացի այս 53 անձանցից, պաշտոնապես հայտարարվել է նաև, որ երկու քաղաքացիական գերիներ են մահացել ադրբեջանական բանտում։ Մեկի մարմինը փոխանցվել է, մյուսինը դեռ չի հաջողվում։ Երկուսի պարագայում էլ հստակ ապացույցներ կան պնդելու, որ բանտում սպանվել են։ Երկուսն էլ տարեց անձինք են` մեկը 79 տարեկան, մյուսն էլ` 80-ն անց»,-ասաց Բեգլարյանը։
Նա նշել է, որ տասնյակ ապացուցված փաստեր կան հայ գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը համառորեն չի հաստատում։ «Ադրբեջանը թաքցնում է ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու բռնի անհետացած անձանց, որոնք իրենց մոտ են գտնվում»,- ասել է Բեգլարյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանից վերադարձած գերիներից շատ վկայություններ կան, որ ադրբեջանական բանտերում և գերեվարման ընթացքում անմարդկային վերաբերմունքի են արժանացել, այդ թվում և կանայք։ Հայաստան վերադարձած գերիների զգալի մասը բռնությունների հետևանքով դեռ հիվանդանոցներում բուժում են ստանում։ «Հայրենիք վերադարձած գերիների մի մասն այժմ հիվանդանոցներում բուժում է ստանում։ Երկու քաղաքացիական գերի մահացել է Ադրբեջանում, մեկի մարմինը փոխանցվել է մեզ, մյուսինը՝ դեռեւս ոչ։ Երկուսի պարագայում էլ բավարար ապացույցներ կան, որ բանտում սպանվել են»,- ասել է նա։