474 դիտում, 2020.12.23 11:30

Դիանա Գալոյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում

Դիանա Գալոյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ օրենքով սահմանված կարգով Դիանա Ռոբերտի Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Դիանա Գալոյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ռեկտորի, այսպես ասած, չարչարկված հարցը ստացավ օրինական լուծում: «Այսօրվանից չեմ արձագանքելու ոչ մի գրառման, ոչ մի մեղադրանքի, ոչ մի ստահոդ տեղեկատվական «գրոհի», քանզի իրական կյանքը չի կարող պարտվել վիրտուալին, գործը չի կարող պարտվել պոպուլիզմին, ճշմարտությունը` ստին, սերը` չարությանը, եւ վերջապես` իրական Հայաստանը չի կարող պարտվել ֆեյսբուքա-հայաստանին»,- գրել է Գալոյանը:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում (դեկտեմբերի 17-ին) այս հարցն ընդգրկված էր, սակայն հաստատումը հետաձգվեց: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրել էր, որ ռեկտորի ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց եւ եղել է դատարանի որոշում ընտրությունների իրականացումը կասեցնելու մասին՝ հաշվի առնելով խորհրդի եւ ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները: