Այսօր Գլխավոր դատախազն ընդունել է Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով Դատախազության դիմաց հավաքված փաստաբաններից երեքին՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, Արթուր Ղազինյանին և Արամ Վարդևանյանին:
Մոտ 40 րոպե տևած հանդիպման ժամանակ փաստաբանները գլխավոր դատախազին հայտնել են իրենց մտահոգությունները՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող նախաքննության ծավալի համակողմանի, լրիվ և օբյեկտիվ լինելու փաստով։
Հանդիպումից հետո Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանի տեղեկացրեց , որգլխավոր դատախազին ներկայացվել է նախորդ հաղորդումների ճակատագիրը, արդեն իսկ հարուցված քրեական գործերով գործողությունների ընթացքը, ինչպես նաև այսօր Նիկոլ Փաշինյանի արարքներում պետական դավաճանության տարրերի մասին ներկայացված հաղորդման մասին։ Նա նշեց, որ հիմա իրավաբանների, պրոֆեսիոնալ նախկին դատախազների, քննիչների, մասնագետների խնդիրն է հիմնավորել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աննախադեպ պետական դավաճանություն։
«Պետական դավաճանության հիմքերը ներկայացված են, դատախազը մեր երաշխավորեց, որ հարուցված բոլոր քրեական գործերով համակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն է ընթանալու։ Ասվեց, որ կձեռնարկվեն բոլոր միջոցառումները, որեւէ հարց անպատասպան չի մնալու․․․ Նաեւ իր առջեւ դրվեց մի այսպիսի խնդիր, որ Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը, Հայաստանի ներիքն եւ արտաքին անվտանգության օրեցօր խորացող սպառնալիքներն ունենան մեկ լուծում՝ իրավական։ Իրավաբաններս ակնկալում ենք այդ ճգնաժամի իրավական հանգուցալուծում։ Մենք այս պահին կսպասենք դատախազության գործողություններին»,- հավելեց Ղազինյանը։