կարևոր
231 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-22 15:09

Փաստաբանները ԱԺ-ին և Դատախազությանը հանձնեցին ռազմական դրությունը վերացնելու, Փաշինյանին անվստահություն հայտնելու դիմումները և պետական դավաճանության մասին հաղորդում

Փաստաբանները ԱԺ-ին և Դատախազությանը հանձնեցին ռազմական դրությունը վերացնելու, Փաշինյանին անվստահություն հայտնելու դիմումները և պետական դավաճանության մասին հաղորդում

Այսօր Փաստաբանների պալատի 700-ից ավել փաստաբան միացել է համապետական գործադուլի և առավոտյան ժամը 11:00 երթով ուղևորվել են Ազգային ժողով: Նրանք երկու փաստաթուղթ են հանձնել ԱԺ. մեկը՝ «Իմ քայլը» խմբակցության փաստաբան եղած պատգամավորներին մանդատը վայր դնելու պահանջ ներկայացնելու հորդոր, մյուսը՝ Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ դիմում:

Ազգային ժողովից հետո փաստաբանները երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազության շենք: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ դատախազությանը ներկայացվում է ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդում, որով պահանջվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցել քրեական գործ: Ըստ փաստաբանների՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով փակուղի է մտցրել Ադրբեջանի հետ բանակցությունները, նրա անմիջական հրահանգների արդյունքում ձեռք է բերվել այնպիսի զինտեխնիկա, որը սպասվելիք պատերազմում կիրառվել և բարձր օգտակար գործողության գործակից ունենալ չէր կարող:

Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դադարեցվել է լրահամալրումը, նա հրապարակային այնպիսի տեղեկություններ է հայտնել, որոնք հայտնելու իրավունք չուներ, հնարավորություն ունենալով՝ չի դադարեցրել պատերազմը, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրել է մի հայտարարություն, որով վտանգի տակ է դրել պետականությունն ու տարածքային ամբողջականությունը:

Դատախազության դիմաց հաավքված փաստաբանները և իրավաբանները պահանջեցին, որ գլխավոր դատախազը գա և պատասխանի հարցերին, սակայն քիչ անց դատախազությունից հայտնեցին, որ Արթուր Դավթյանը պատրաստ է ընդունել մի քանի փաստաբանի: