կարևոր
1896 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-22 16:49

«Իմ ասածները ես կրկին պնդում եմ». Մովսես Հակոբյան

«Իմ ասածները ես կրկին պնդում եմ». Մովսես Հակոբյան

«Պատասխանը գրված է վերացական, ոչ հստակ: Իմ ասածները ես կրկին պնդում եմ, որովհետև այսօր քննություն է գնում, և քննության փաստաթղթերով առնվազն երևում է, որ Զինված ուժերը ժամանակին չեն համալրվել, ինչի մասին առնվազն 2000 սպա գիտի: Այսօր այդ երկու հազար սպաները հասկացան, որ վարչապետը ստում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր Դատախազության տարածած այն հաղորդագրությանը, որով նշվում էր, թե պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի լրահամալրումը և զորահամալրումը դադարեցվելու վերաբերյալ պնդումները քննությամբ հերքվել են:

Մովսես Հակոբյանը նշեց, որ քննությունը շարունակվում է, և առկա են փաստաթղթեր, իսկ աղմկահարույց ձայնագրության մասին էլ նկատեց. «Ես ասել եմ՝ այն պաշտոնատար անձն է ձայնագրել, որը պատասխանատու է: Այսօր ինքն այդ ձայնագրությունը ջնջել է, չգիտեմ՝ ինչ պատճառներով, բայց դրանից զատ՝ կան նաև գրավոր փաստաթղթեր, որը ևս ապացուցում է ասվածը: Եվ քննիչն իր աշխատանքը պատշաճ չի կատարել, որովհետև այդ ձայնագրությունը, ի դեպ, լսել են ևս երեք հոգի, ես հայտարարել եմ այդ մարդկանց մասին, սակայն նրանք չեն հարցաքննվում:

Կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Զինված Ուժերը համալրում չի կատարել: Մարդիկ, ովքեր հասկանում են՝ ինչ է լրահամալրում, ինչ է զորահամալրում, կհասկանան. ցավոք, մեր իշխանավորները չգիտեն՝ դրանք ինչեր են, որ դրանք տարբեր գործընթացներ են և տարբեր ժամանակացույցով պլանավորված միջոցառումներ են:

Գոնե մեր բանակում 2000 սպա, որոնք պատասխանատու են, հաշվառում են իրականացնում լրահամալրման, իրենց մոտ այդ տվյալները բացակայում են (կոնկրետ մարդիկ՝ անուն-ազգանուններով չեն գնացել բանակ և չեն համալրել մեր բանակի շարքերը)»,- ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա կատարված քննության արդյունքներին:

«Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսաձայնագրությունը 2020թ. նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:

Արդյունքում՝ 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։

Նշվել էր նաև, որ հաշվի առնելով սույն գործի նկատմամբ հանրային մեծ ուշադրությունը՝ առաջնահերթ՝ արդյունավետ նախաքննության շահերի հաշվառմամբ, հանրությունը կիրազեկվի քննության ընթացքի, արդյունքների մասին: Ընդ որում՝ գործով նախաքննությունն իրականացվում է Մ. Հակոբյանի նշած ուղղություններից յուրաքանչյուրով՝ պատշաճ խորությամբ առանձին հանգամանքները պարզելու նպատակով:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում Մովսես Հակոբյանը, անդրադառնալով լրահամալրման և զորահամալրման գործընթացներին, հայտնել է, որ իր կարծիքով՝ տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, ովքեր պարտականություն են ունեցել լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու։

Նա հավելել է, որ ՀՀ վարչապետի կողմից լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ առկա է ձայնագրություն, և կարծում է, որ այն կատարվել է այդ գործընթացի համար օրենքի ուժով պատասխանատու անձանց կողմից:

Նշված հանգամանքների ստուգման նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների թվում՝ այդ կապակցությամբ հարցաքննվել են նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման, ՀՀ Զինված ուժերի ԳՇ անձնակազմի կառավարման ԳՎ զորահավաքային վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք (այդ թվում՝ Մ. Հակոբյանի կողմից մատնանշված), ովքեր հերքել են զորքերի լրահամալրումը և զորահամալրումը դադարեցնելու վերաբերյալ կարգադրություն ստանալու և այդ գործընթացը դադարեցված լինելու հանգամանքը։

Նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից ստացվել են զորքերի լրահամալրման և զորահամալրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց զննությամբ պարզվել է, որ ՀՀ զինված ուժերի զորահամալրումը և լրահամալրումը ռազմական գործողությունների ողջ ընթացքում, նաև դրանից հետո երբեք չի դադարեցվել և սահմանված ընթացակարգով կազմակերպվել ու իրականացվել է։ Ընդ որում, քննությամբ ձեռնարկված միջոցներով պարզվել է, որ կամավորների ընդգրկումը զինծառայության մեջ որևէ ազդեցություն, փոփոխություն չի առաջացրել սահմանված կարգով լրահամալրման և զորահամալրման աշխատանքներում:

Վերը հիշատակված խորհրդակցության վերաբերյալ որևէ ձայնագրություն Մ. Հակոբյանը քննություն իրականացնող մարմնին չի ներկայացրել, նրա  մատնանշած ուղղությամբ իրականացված անհրաժեշտ քննչական գործողություններով ևս ՀՀ ԶՈՒ լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ խորհրդակցության, դրա ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հրահանգներ տալու հանգամանքը վկայող ձայնագրություններ չեն հայտնաբերվել:

Պատշաճ դատախազական հսկողության ներքո քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ ինչպես ասուլիսի ընթացքում ներկայացված, նաև՝ մնացած բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- նշված էր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: